Մարտի 14-ը դարձավ Մյանմայում փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջումից ի վեր բողոքի ցույցերի ամենաարյունոտ օրը․ իրավապաշտպանների փոխանցմամբ, ուժայինների կողմից սպանվել է շուրջ 50 մարդ, հիմնականում՝ Յանգոնա քաղաքում։
Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր սպանվել է ավելի քան 120 ցուցարար։
Երկրում հաստատված զինվորական իշխանությունները երկուշաբթի օրվանից ընդլայնել են արտակարգ դրության գոտին՝ այնտեղ ներառելով Յանգոնայի մի քանի շրջաններ, որոնցում ցուցարարների ամբոխը հարձակվում էր չինացիներին պատկանող խանութների, սրճարանների ու ռեստորանների վրա։ Հեղաշրջման դեմ պայքարողները պնդում են, որ Չինաստանը աջակցում է Մյանմայի զինվորական ղեկավարությանը։
Այսօր պետք է կայանար ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունս Սան Սու Չժիի դատը։ Նրան առաջադրված մեղադրանքները ցուցարարները կեղծ են որակում։
Դատական նիստը, որին Սան Սու Չժին պետք է միանար տեսակախի միջոցով, հետաձգվել է՝ «ինտերնետի հետ առաջացած խնդիրների պատճառով»։
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել։ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիին պահում են տնային կալանքի տակ։
Փետրվարի 8-ից սկսած երկրում լայնամասշտաբ գործադուլներ էին սկսվել․ տասնյակ հազարավոր պետաշխատողներ աշխատանքի գնալու փոխարեն հավաքվում էին երկրի խոշորագույն քաղաքների փողոցներում՝ պահանջելով ազատ արձակել «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։
Փետրվարի 22-ին երկրում ամենամեծ գոռծադուլն էր․Տարբեր ընկերություններ, այդ թվում՝ տեղական KFC-ն, Food Panda-ն և Delivery Hero-ն հայտարարել էին, որ միանում են գործադուլին և այսօրվանից փակում իրենց գրասենյակները։ Գործադուլ են անում երկրի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկները, ուսուցիչները, երկաթուղու աշխատակիցները։ Ռեժիմի դեմ պայքարող ցուցարարները գործադուլը «Գարնանային հեղափոխություն» կամ «Հինգ 2-ի հեղափոխություն» (փետրվարի 22-ի ամսաթվի մեջ՝ 22․2․2021, հինգ անգամ կրկնվում է 2 թիվը) էին անվանում։