հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Զանգվածային գործադուլ և ջրցաններ․ Մյանմայի ժողովուրդն ընդդեմ հեղաշրջման

Զանգվածային գործադուլ և ջրցաններ․ Մյանմայի ժողովուրդն ընդդեմ հեղաշրջման

Մյանմայում (հայտնի է նաև որպես Բիրմա) տասնյակ հազարավոր պետաշխատողներ այսօր աշխատանքի գնալու փոխարեն հավաքվել են երկրի խոշորագույն քաղաքների փողոցներում՝ պահանջելով ազատ արձակել «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։ Մայրաքաղաք Նայպիդոյում ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառվել։

Անցյալ երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, Մյանմայում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել․ զինվորականները՝ պնդելով, որ նոյեմբերին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են, գրավել են երկրի իշխանությունն ու ձերբակալել «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդին։ Վերջինս՝ նախագահ Վին Մյինի հետ, այժմ տնային կալանքի տակ է։ Զինվորականները չեղարկել են նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանն ու բերման ենթարկել հարյուրավոր ժողովրդավար քաղաքական գործիչների։ Երկրում այժմ արտակարգ դրություն և երեկոյան պարետային ժամ է հայտարարված

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Աուն Սան Սու Չժիի թիմը հավաքել էր ձայների ավելի քան 80 տոկոսը։

Շաբաթ օրվանից սկսած երկրում զանգվածային բողոքի ցույցեր են՝ ժողովրդավարական կառավարումը վերադարձնելու պահանջով։ Երեկվա ցույցը Մյանմայի պատմության երկրորդ ամենամարդաշատ հավաքն էր։

Առաջին տեղում 2007 թվականի ակցիան էր, երբ բուդիստները դուրս էին եկել իշխող զինվորականների դեմ։

Համազգային գործադուլ

Բի-բի-սիի տեղական ծառայության փոխանցմամբ, տասնյակ հազարավոր ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, բանկային աշխատակիցներ ու պետաշխատողներ այսօր աշխատանքի չեն ներկայացել։ Փոխարենը, գործադուլավորները հավաքվել են մայրաքաղաք Նայպիդուի և երկրի խոշորագույն քաղաքների՝ Յանգոնայի և Մանդալայի հրապարակներում։

Նայպիդոյում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ է կիրառել։ Կան տուժածներ։ Ներկաները նշում են, որ ուժայինները ջրային հարվածները սկսել են առանց զգուշացման։

Զինվորական ղեկավարությունը դեռևս տեղի ունեցածին չի անդրադառնում, ինչի արդյունքում իրավապահ մարմիններ ներկայացուցիչների շրջանում խառնվածություն է նկատվում․ ոստիկանները չգիտեն ինչպես վարվել իրենցից մի քանի անգամ մեծ թվող ցուցարարների հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ, Մյանմայի բանակը պաշտոնապես միացել էր ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայցը մերժել էր, նշելով, որ ընտրախախտումների վերաբերյալ բավարար ապացույցներ չկան։

Իրեն երկրի ղեկավար հռչակած, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլայնի հրամանով աշխատանքից ազատվել են գրեթե բոլոր նախարարներն ու փոխնախարարները։ Այժմ իշխանություններն աշխատում են երկրում մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերը՝ ֆեյսբուքը, թվիթերը և ինստագրամն արգելափակելու ուղղությամբ։