Համաշխարհային առաջնորդները Մյանմայի ներկայիս իշխանություններին կոչ են անում ազատ արձակել քաղաքական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին, ով ձերբակալվել է երեկ՝ փետրվարի 1-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման ժամանակ։
Մյանմայի «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության առաջնորդ Սու Չժիի գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Կուսակցական աղբյուրները հայտնում են, որ Սու Չժին և երկրի նախագահ Վին Մյինը տնային կալանքի տակ են։ Գործադիր իշխանության հարյուրավոր ներկայացուցիչներ մինչև հիմա փակված են մայրաքաղաք Նայպյիդաուի կենտրոնում գտնվող խորհրդարանական համալիրում։
Ներկայումս Մյանմայի իշխանությունը զավթած զինվորականները երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Նրանք «Ժողովրդավարության ազգային լիգային» մեղադրում են նոյեմբերին կայացած ընտրությունները կեղծելու մեջ։ Այդ ընտրություններում Սու Չժիի կողմնակիցները հավաքել էին ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը։
Մյանմայում իշխանությունը զինվորականների ձեռքում էր մինչև 2011 թվականը, երբ Սու Չժիի ղեկավարած ժողովրդավարական շարժումը սկսեց բարեփոխումների իր ծրագիրը։ Այդ ժամանակվանից սկսած Մյանմայի նկատմամբ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները սկսեցին թուլացվել։
Աուն Սան Սու Չժին, ով տնային կալանքի տակ է եղել 21 տարի՝ 1989-2010 թվականներին, կոչ է անում ընդդիմանալ զինվորական իշխանություններին։ Այս կոչերը նա հասցրել է հրապարակել փետրվարի 1-ին՝ ձերբակալությունից անմիջապես առաջ։
Այսօր՝ ռազմական հեղաշրջման հաջորդ օրը, Մյանմայի բնակավայրերում արտաքնապես ամեն ինչ հանգիստ է։ Բոլոր խոշոր քաղաքներում զինվորականները հերթափոխով պարեկային ծառայություն են իրականացնում։ Փետրվարի 1-ին երկրում դադարեցված կոմունիկացիոն համակարգերը վերագործարկվել են, ինտերնետն ու հեռախոսակապն անխափան աշխատում են։
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վերագործարկել Մյանմայի դեմ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ բանակն իրավունք չունի զենքի ուժով դեմ դուրս գալ ժողովրդին։
Հեղաշրջումը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, Միացյալ Ազգերի կազմակերպությունը։