Այսօր երեկոյան տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում մասնակցել իր հետնորդի երդմնակալության արարողությանը։ Թրամփը կարճ տեսանյութ է հրապարակել որում ասում է․ «Ես ձեր առաջ կանգնած եմ հպարտությամբ այն ամենի համար, ինչի հասել ենք միասին»։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 6-ի՝ ԱՄՆ Կապիտոլիումի գրոհումից հետո Թրամփն ի վերջո ընդունել է պարտությունը նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում։
ԱՄՆ Նախագահի պաշտոնը ստանձնող Ջո Բայդենն իր առաջին աշխատանքային ժամերին պատրաստվում է չեղարկել հեռացող նախագահ Թրամփի մի շարք որոշումներ, որոնք, նորընտիր նախագահի խոսքով՝ «մեծ վնաս» են հասցրել պետությանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բայդենի վարչակազմի ղեկավար Ռոն Քլայնն իր հունվարի 16-ի հուշագրում նշել է, որ երկիրը բախվել է «միանգամից չորս ճգնաժամի․ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ճգնաժամը, համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամը, կլիմայական ճգնաժամն ու ռասայական անհավասարության հետ կապված ճգնաժամը»։ Նորընտիր նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, Բայդենը մտադիր է նախ և առաջ չեղարկել Թրամփի 5 որոշում։
Փարիզյան Կլիմայական Համաձայնագիր
Դոնալդ Թրամփը դեռ 2017 թվականին էր հայտարարել Միացյալ Նահանգների՝ կլիմայի փոփոխությունների դեմ փարիզյան համաձայնագրին դուրս գալու մասին։ Համաձայնագիրը անդամ 194 երկրներին պարտավորեցնում է սահմանափակել վնասակար արտանետումների ծավալները։ Չնայած քննադատություններին՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ն պաշտոնապես լքեց Համաձայնագիրը։
Հաշվի առնելով, որ սա եղել է Բայդենի քարոզարշավի առանցքային կետերից մեկը, ակնկալվում է, որ արդեն հունվարի 20-ին կհայտարարվի Միացյալ Նահանգերի՝ համաձայնագրին նորից միանալու մասին։
ԱՄՆ Մուտքի Արգելք
Թրամփի առաջին որոշումներից մեկը մեծամասամբ մահմեդական 7 երկրների ներկայացուցիչների մուտքի արգելքն էր։ Դեռ 2017-ի հունվարին ստորագրված արգելքի հրամանի որոշումը բողոքի մեծամասշտաբ ալիք էր բարձրացրել։ Որոշումը բազմիցս փորձել էին բողոքարկել դատարաններում մինչև 2018-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չնչին փոփոխություններով չհաստատեց այն։ Քլայնը վերոնշյալ հուշագրում ևս հաստատում է երդմնակալությունից անմիջապես հետո մուտքի արգելքը չեղարկելու Բայդենի մտադրության մասին։
Որոշումներ՝ ներգաղթի հետ կապված
Համաձայն նոր վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունների՝ Սպիտակ տուն մտնելու առաջին իսկ օրը նորընտիր նախագահը պատրաստվում է Կոնգրես ուղարկել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ում ապրող շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալների ոչ միայն ստանալ օրինական կարգավիճակ, այլ նաև քաղաքացիություն։
Նախագծի համաձայն՝ այս մարդիկ 5 տարվա ընթացքում կկարողանան ստանալ բնակության իրավունք (գրին քարտ), ներկայացնելով իրենց դատվածություն և օրենքի խախտումներ չունենալը, ինչպես նաև հարկերի վճարումները հաստատող փաստաթղթեր։ Եվս երեք տարի անց նրանք կկարողանան դիմել քաղաքացիության համար։ Այս ժամկետները կարող են կրճատվել գյուղատնտեսական աշխատողների և իրենց ծնողների կողմից ԱՄՆ բերված երեխաների համար։
Բայդենը նաև մտադիր է վերջ դնել ներգաղթյալ երեխաներին իրենց ծնողներից բաժանելու քաղաքականությանը երկրի հարավային սահմանին։ Թրամփի հրամանագրով՝ Մեքսիկայից անօրինական կերպով ԱՄՆ ներգաղթելու համար ձերբակալված մեծահասակները ու երեխաները մինչև դատը պահվում էին իրարից առանձին։ Սրա պատճառով մի քանի հարյուր երեխա բաժանվել էր իր ծնողներից։
Դիմակային ռեժիմ
Բայդենը մտադիր է նաև սահմանել Կորոնավիրուսի համավարակի հետ պայքարի նոր կանոններ։ Դիմակ կրելը 100 օրով պարտադիր կդառնա դաշնային բոլոր սուբյեկտներում, ինչպես նաև մի նահանգից մյուսը փոխադրվելիս։
Այսօր Ջոն Հոփքինսի համալսարանը հաստատել է, որ երկրում կորոնավիրուսից մահացել է շուրջ 400 000 մարդ։
Վտարման արգելք և ուսանողներ
Բայդենը պատրաստվում է նաև հետաձգել ուսանողների վարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը։
ԱՄՆ Կոնգրեսն անցյալ տարվա գարնանը հետաձգել էր ուսանողական պարտավորությունները՝ հաշվի առնելով համավարակային ճգնաժամը, սակայն այս թույլտվության ժամկետը սպառվել էր 2020-ի դեկտեմբերին։ Նոր վարչակազմը ցանկանում է այս արտոնությունը երկարաձգել անորոշ ժամանակով։
Բայդենը մտադիր է նաև երկարաձգել վարձով ապրող մարդկանց տնից վտարելու արգելքը, որի ժամկետը ևս սպառվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Այս պահին շուրջ 14 միլիոն ամերիկացի իր կացարանը կորցնելու վտանգի տակ է։ Նորընտիր նախագահը պնդում է, որ վտարման արգելքը պետք երկարաձգվի առնվազն մինչև 2021 թվականի սեպտեմբեր։
Իր նախագահության վերջին օրը Թրամփը համաներել է 73 մարդու, այդ թվում իր համախոհ Ստիվ Բենոնին։ Նա նաև մեղմացրել է պատիժը 70 հոգու համար։