Վաշինգտոնի ոստիկանությունը հաստատել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան մահացել է իրենց սպաներից մեկը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների՝ Կոնգրես ներխուժման ժամանակ: Նա դարձավ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հինգերորդ զոհը: Այս մասին հայտնում է cnn-ը:
Դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքը գրոհելու գործում ամբոխին օգնել են իրավապահ մարմինների աշխատակիցները․ նրանք են բացել արգելապատնեշները, անգամ սելֆիներ արել ցուցարարների հետ:
Ըստ պաշտոնական աղբյուրների, պաշտոնանկ են արվել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը, Սպիտակ տան և վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն և կրթության նախարար Բեթսի Դևոսը:
ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինը հայտնել է, որ անկարգություններում պաշտոնյաների մասնակցության հարցը առանձին ուսումնասիրության առարկա կդառնա: Ըստ ամերիկյան հեռուստաալիքների՝ հետաքննությունը կդիտարկի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավվածության գործոնը:
Արձագանքելով տեղի ունեցածին՝ դեմոկրատները պահանջում են Թրամփի հրաժարականը։ Ըստ նրանց, նախագահը դրդել է գրոհել Կապիտոլիումը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը խափանելու համար։ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախագիծն արդեն Ներկայացուցիչների պալատում է։
https://www.youtube.com/watch?v=q8-sRMiwCxU&ab_channel=TheTelegraph
Հունվարի 7-ին (Վաշինգտոնի ժամանակով՝ հունվարի 6-ին) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարյուրավոր աջակիցներ շրջափակել էին Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, որտեղ ընթանում էր նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների վավերացման և դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի հաստատման նիստը։ Թրամփի աջակիցները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են, թեև վիճարկվող նահանգներում կատարված վերահաշվարկները հաստատել են Բայդենի հաղթանակը։
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում ոստիկանները լուսաձայնային նռնակներ և գազապղպեղ են կիրառել։ Կապիտոլիումի գրոհումն, այնուամենայնիվ, կանգնեցնել չի հաջողվել։
Ճեղքելով պատնեշները՝ ամբոխը ներխուժել է Կոնգրեսի շենք։ Շենք մտնելուց հետո շրջել էին սեղանները, պոկել պատերի նկարները, հարձակվել մարդկանց, այդ թվում՝ լրագրողների վրա, կոտրել լրատվականների գույքը, և այլն։ Դահլիճներում հնչել են նաև կրակոցներ։
Սենատորների մեծ մասը, ինչպես նաև երկրի փոխնախագահ Մայք Փենսը, տարհանվել են։
Գրոհի արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Մոտ հինգ տասնյակ մարդ ձերբակալվել է։
Գրոհումից առաջ Թրամփը ելույթ էր ունեցել, որում կոչ էր արել իր աջակիցներին գնալ Կապիտոլիում։
«Մենք կատաղի ենք կռվում, և եթե դուք էլ կատաղի կերպով չկռվեք, դուք այլևս երկիր չեք ունենա», – ասել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ չի պատրաստվում ընդունել պարտությունը։
Մի քանի ժամ անց ցուցարարները դուրս են հանվել շենքից։ Կոնգրեսի աշխատանքը վերականգնվել է․ հաջորդ իսկ օրը օրենսդիրները վավերացրել են ընտրությունների արդյունքները և վերջնականորեն հաստատեկ Ջո Բայդենի հաղթանակը։
Թրամփը, չնայած նախկինում տված իր խոստմանը, արդեն իսկ հայտարարել է, որ կապահովի իշխանության անցնցում փոխանցումը, և, ի վերջո, ընդունել է, որ հունվարի 20-ից երկրում կհաստատվի նոր վարչակազմ։ Նախագահը նաև դատապարտել է գրոհի ժամանակ տեղի ունեցած բռնությունները։
Դեմոկրատները, այնուամենայնիվ, պահանջում են Թրամփին անհապաղ հրաժարականը։ Նման կոչով հանդես են եկել թե՛ ընտրված նախագահ Բայդենը, թե՛ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Երեկ ելույթ ունենալով՝ ընտրված նախագահ Ջո Բայդենը գործող նախագահի համակիրների կողմից Կապիտոլիումը գրավելու փորձն անվանել է երկրի դեմոկրատական ինստիտուտների վրա Թրամփի հարձակումների գագաթնակետը։
«Ես կուզենայի ասել, որ մենք նման բան չէինք սպասում, բայց դա ճիշտ չի լինի,- հայտարարել է Բայդենը։- Վերջին չորս տարիներին մենք մի նախագահ ունեինք, որը մերժում էր դեմոկրատիայի և օրենքի գերակայության սկզբունքները»։
Բայդենի կարծիքով՝ Վաշինգտոնի կենտրոնում կատարվող իրադարձություններն ի ցույց են դրել ամերիկյան իրավապահ մարմինների երկակի չափորոշիչները՝ համեմատելով անցած ամռանը բողոքի ցույցերը ցրելիս նրանց դաժանությունը և Թրամփի կողմակիցների հանդեպ ոստիկանության անգործությունը։
«Դրանք ցուցարարներ չէին։ Նույնիսկ չփորձեք նրանց ցուցարարներ անվանել,- ասել է ընտրված նախագահը։- Դրանք ջարդարարների բանդաներ էին։ Խռովարարների։ Ահաբեկիչների»։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին, իր հերթին, հայտարարել է, որ օրենսդիրները պետք է անհապաղ որոշում կայացնեն նախագահ Թրամփին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ։
«Երեկ Միացյալ Նահանգների նախագահը զինված խռովություն հրահրեց ընդդեմ Ամերիկայի»,- ասել է Փելոսին։
Ներկայացուցիչների պալատում Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախագիծ է առաջադրվել ։