Մյանմայում այսօր մեկնարկել է փետրվարի 1-ի հեղաշրջումից ի վեր տեղի ունեցած ամենամեծ գործադուլը։ Բողոքի աննախադեպ մասշտաբներ ունեցող ցույցեր են սկսվել մայրաքաղաք Նայփիդոյում, երկրի ամենամեծ քաղաք Յանգոնում, Մանդալայում և այլ մեծ ու փոքր բնակավայրերում։
https://twitter.com/cvdom2021/status/1363726063528910857
Տարբեր ընկերություններ, այդ թվում՝ տեղական KFC-ն, Food Panda-ն և Delivery Hero-ն հայտարարել էին, որ միանում են գործադուլին և այսօրվանից փակում իրենց գրասենյակները։ Գործադուլ են անում երկրի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկները, ուսուցիչները, երկաթուղու աշխատակիցները։
Ռեժիմի դեմ պայքարող ցուցարարներն այսօրվա գործողություններն անվանում են «Գարնանային հեղափոխություն» կամ «Հինգ 2-ի հեղափոխություն»(այսօրվա ամսաթվի մեջ՝ 22․2․2021, հինգ անգամ կրկնվում է 2 թիվը)։ Այս ցույցերը համեմատվում են 1988-ի օգոստոսի 8-ի (8.8.1988) ժողովրդավարական ցույցերի հետ, որոնք ևս բախվել էին բանակի ու ոստիկանության բռնաճնշումներին, և որտեղ ևս բազում մարդիկ սպանվել էին։
«Հինգ 2-ի հեղափոխության» մեջ կարևոր դեր ունի երկրի երիտասարդության մասնակցությունը։ Գործադուլներին ու ցույցերին մասնակցող երիտասարդներից շատ շատերը դեռ ծնված չէին, երբ բանակը ճնշում են ժողովրդավարական ցույցերը 1988-ին, իսկ 2007-ի ցույցերի ժամանակ (կրկին՝ ռազմական ռեժիմի դեմ) ցույցերի ժամանակ դեռ երեխա էին։ Մյանմայի երիտասարդները, իրենց խոսքով, մտադիր չեն թույլ տալ, որ երկիրը գլորվի դեպի իրենց մանկության ռեպրեսիվ տարիները։
Ցույցերը հատկապես մեծ թափ են հավաքել անցյալ շաբաթվա ընթացքում երեք ցուցարարների սպանության պատճառով։ Սպանվածներից մեկը 16-ամյա դեռահաս տղա է, մյուսը՝ երիտասարդ տղամարդ։ Երրորդ զոհը մթերային խանութում աշխատող Մյա Թուաթեն էր։ Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ի վերջո մահացել էր․․ իր 20-րդ տարեդարձից օրեր անց։ Նա իր մահից հետո խորհրդանշական կարևորություն է ձեռք բերել շարժման համար։
Ցուցարարներն ահազանգել են նաև, որ ուժայինները ցույցերի ընթացքում կրակում են վիրավորներին տեղափոխող շտապ օգնության մեքենաների վրա։
Իշխանությունը գրաված ռազմական ռեժիմի ներկայացուցիչներն իրենց վերջին հայտարարության մեջ «հանցագործներին» են մեղադրել տեղի ունեցած բռնությունների մեջ և նշել, որ «անվտանգության ուժերը ստիպված էին պատասխան կրակ բացել»։
Բանակն իր այս հայտարարության մեջ նաև պնդել է, թե որոշակի ուժեր ճնշում են գործադրում զգացմունքային դեռահասների և երիտասարդների վրա, որպեսզի վերջիններս գնան ցույցի, «որտեղ նրանք կկորցնեն իրենց կյանքը»։
Հայտարարությունը հեռարձակվել է Մյանմայի պետական հեռուստաալիքով՝ անգլերեն ենթագրերով։ Facebook-ը, դրան ի պատասխան, արգելափակել է հեռուստաալիքը բռնության կոչերի համար։
Արևմտյան մի շարք պետություններ դատապարտել են ռազմական հեղաշրջումն ու կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։
«Զգուշացում խունտային։ Ի տարբերություն 1988-ի, [հիմա] անվտանգության ուժերի գործողությունները գրանցվում են։ Դուք պատասխանատվություն կկրեք»,-ասել է Մյանմայում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը։
Ցուցարարներից մեկի կարծիքով բանակի կողմից իրականացվող բռնությունների նպատակը ցուցարարներին զայրացնելն է, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս գա և ցույցերը վերածվեն քաղաքացիական պատերազմի, որի դեպքում, ըստ ցուցարարի, ՄԱԿ-ն ու ՆԱՏՈ-ն չեն կարողանա միջամտել։
Վերջին տվյալներով շուրջ 640 մարդ բերման է ենթարկվել, ձերբակալվել կամ դատապարտվել է հեղաշրջումից ի վեր, որից շուրջ 593-ը դեռևս ոստիկանական բաժանմունքներում են։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մյանմայի ռազմական վերնախավը՝ պնդելով, որ նոյեմբերին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են, գրավել են երկրի իշխանությունն ու ձերբակալել «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդին, ով ընտրությունների արդյունքում հավաքել էր ձայների շուրջ 80%-ը։ Վերջինս՝ նախագահ Վին Մյինի հետ, այժմ տնային կալանքի տակ է։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հերքում է ընտրությունների կեղծման մասին բոլոր մեղադրանքները։ Հեղաշրջմանը հաջորդել էին բողոքի զանգվածային ցույցեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և գործադուլներ։