Սուդանում անցած գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։
BBC-ի հաղորդմամն՝ զինված անձինք լուսաբացին ձերբակալել են երկրի անցումային կառավարության առնվազն չորս անդամներին և վարչապետ Աբդալա Համդոկին (պաշտոնապես հաստատվել է)։
Մայրաքաղաք Խարթումում ընդդեմ հեղաշրջման բողոքի ցույցեր են։ Վարչապետի գտնվելու վայրը ստույգ հայտնի չէ․ վերջինս հրաժարվել է հանդես գալ հեղաշրջմանն աջակցող հայտրարությամբ և առևանգվել է։
Al Hadath հեռուստաալիքը՝ հղվելով չբացահայտված աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ Համդոկը տնային կալանքի տակ է։ Տեղեկությունը հաստատել են նաև մի շարք այլ հեղինակավոր պարբերականներ։
Նախարարներից բացի, ըստ Al Hadath-ի, զինվորականները ձերբակալել են նաև կառավարման խորհրդի քաղաքացիական մի անդամի, մի քանի նահանգապետերի և կուսակցությունների ղեկավարների։
Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ, գրում է, որ «հերթական հեղաշրջման» արդյունքում Սուդանի կառավարության անդամների և պրոկառավարական կուսակցությունների առաջնորնդերի մեծ մասն արդեն ձերբակալված է։ Զինվորականները այս տեղեկությունները չեն մեկնաբանում։
Սուդանի զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ Reuters-ի, վաղ առավոտյան գրոհել են նաև Պետական հեռուստաընկերության շենքը՝ ձերբակալելով այդ պահին այնտեղ գտնվող բոլոր աշխատակիցներին։ Բանակը նաև վերահսկողություն է սահմանել մայրաքաղաքի բոլոր կարևորագույն ռազմավարական օբյեկտների նկատմամբ։
Վկաների փոխանցմամբ՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ինտերնետի հասանելիություն այս պահին սահմանափակված է, սոցցանցերում, այնուամենայնից, լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է՝ ինչպես են ցուցարարները փողոցներում անվադողեր այրում։ Al Arabiya-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի օդանավակայանը փակ է, միջազգային չվերթները չեղարկվել են։
Խարթումում տեղակայվել են երկրի զինված ուժերը և զինված խմբավորումներ, որոնք վերահսկում են քաղաքացիական անձանց տեղաշարժը։ Reuters-ի աղբյուրը հայտնում է, որ սրա հետ մեկտեղ քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարներ են հավաքված։
Սուդանի քաղաքացիական դեմոկրատական խմբերը կոչ են արել դիմադրել ցանկացած ռազմական հեղաշրջմանը։ Վարչապետ Համդոկը ևս հորդորել է մարդկանց դուրս գալ փողոց՝ հեղափոխությունը խաղաղ ճանապարհով պաշտպանելու, գրում է Al Arabiya՝ հղվելով Սուդանի տեղեկատվության նախարարությանը։
Ճգնաժամ․ նախապատմություն
2019 թվականի ցույցերից և իշխանափոխությունից հետո Սուդանը կառավարում էր զինվորականներից և քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շրջանում, սակայն, տեղական աղբյուրների փոխանցմամբ, խորհրդի քաղաքացիական և բանակային հատվածների միջև հարաբերությունները զգալիորեն սրվել էին։
Քաղաքական ճգնաժամը սրվել է դեռևս սեպտեմբերին, երբ հաղորվեց հեղաշրջման հերթական փորձի մասին։ Հեղաշրջումն այն ժամանակ վերագրվում էր 2019-ին հրաժարական ներկայացրած նախագահ Օմար ալ-Բաշարի կողմնակիցներին։ Ինքը՝ Բաշարը, իշխանափոխությունից հետո, կոռուպցիոն մեղադրանքներով, դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։
Արդեն հոկտեմբերին դեմոկրատական համարվող ուժերի ընդդիմախոսները հանրահավաք էին անում մայրաքաղաք Խարթումում․ վերջիններս դիմում էին զինվորականներին՝ ռազմական հեղաշրջում անելու կոչով։
Հինգշաբթի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան «հակացույցի»՝ իրենց աջակցույթունը հայտնելով քաղաքացիական անցումային կառավարությանը։ Փորձագետները նշում են, որ, թեև քաղաքացիականները վայելում են ժողովրդի մի հատվածի աջակցությունը, նրանց վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն ընկել է․ սա, նախևառաջ, հիմնավորվում է տնտեսական ծայրահեղ ծանր ճգնաժամով, որին բախվել է Սուդանը։