Մյանմայում երեկվա բողոքի ցույցի ժամանակ 18 ցուցարար է սպանվել, ևս 30-ը վիրավորվել է։
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Մինչև 2011 թվականը երկրի իշխանությունն իրենց ձեռքում պահած զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել։ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիին պահում են տնային կալանքի տակ։
Փետրվարի 8-ից սկսած երկրում լայնամասշտաբ գործադուլներ էին սկսվել․ տասնյակ հազարավոր պետաշխատողներ աշխատանքի գնալու փոխարեն հավաքվում էին երկրի խոշորագույն քաղաքների փողոցներում՝ պահանջելով ազատ արձակել «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։
Փետրվարի 22-ին երկրում ամենամեծ գոռծադուլն էր․Տարբեր ընկերություններ, այդ թվում՝ տեղական KFC-ն, Food Panda-ն և Delivery Hero-ն հայտարարել էին, որ միանում են գործադուլին և այսօրվանից փակում իրենց գրասենյակները։ Գործադուլ են անում երկրի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկները, ուսուցիչները, երկաթուղու աշխատակիցները։ Ռեժիմի դեմ պայքարող ցուցարարները գործադուլը «Գարնանային հեղափոխություն» կամ «Հինգ 2-ի հեղափոխություն» (փետրվարի 22-ի ամսաթվի մեջ՝ 22․2․2021, հինգ անգամ կրկնվում է 2 թիվը) էին անվանում։
Շաբաթ և կիրակի օրերին բողոքի տարերային ցույցեր էին երկրի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Յանգոնում, Թավոյում և Մանդալայում։ Ուժային կառույցների ներկայացուցիչները ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ են կիրառել։ Արդյունքում 18 ցուցարար սպանվել է, ևս 30-ը վիրավորվել։
Իշխանությունը զավթած Մյանմայի բանակը պնդում է, որ նախորդ ընտրություններում քվեների 80 տոկոսին արժանացած «Ժողովրդավարության ազգային լիգան» կեղծել է ընտրությունների արդյուքները։ Զինվորականները խոստանում են նոր ընտրություններ անց կացնել, առանց դրանց հստակ ամսաթիվը նշելու։