Մյանմայում այս շաբաթ-կիրակի տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են ոչ միայն զանգվածային ձերբակալություններով ու սպանություններով, այլև ռումբի պայթյուններով, գրում է Al Jazeera-ն։ Վերջին տվյալներով՝ իշխանությունը բռնազավթած ռազմական խունտայի զոհն է դարձել արդեն շուրջ 760 մարդ, որից առնվազն 44-ը՝ երեխաներ։
Պայթյունները հիմնականում որոտացել են շաբաթ օրը՝ մայիսի 1-ին, երկրի մեծագույն քաղաք Յանգոնում։ Որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել դրանց համար, սակայն ռազմական խունտային հարող լրատվականները շտապել են ռմբահարման համար մեղադրել «սադրիչներին»։
Մայիսի 1-ին նաև լրանում էր երկրում կազմակերպված ռազմական հեղաշրջման երրորդ ամիսը։ Ժողովուրդը բռնապետության դեմ դուրս էր եկել մոմերով երթի։ Մարդիկ արագ էին քայլում, որպեսզի բանակն ու ոստիկանությունը չհասցնեն ձերբակալել կամ սպանել նրանց։
Յանգոնը, որ նաև Մյանմայի նախկին մայրաքաղաքն է, մեծ փոփոխություններ է կրել բանակի՝ իշխանության զավթումից հետո։ Համաժողովրդական ցույցերի հիմնական թեժ կետերում բարիկադներ են բարձրացել, ամենուրեք հերթապահում են պարեկային ուժերը, այլախոհության մեջ կասկածվողները զանգվածաբար ձերբակալվում են, հիմնականում՝ գիշերային ժամերին։
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել։ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիին պահում են տնային կալանքի տակ։
Մայիսի 1-ին ռումբի պայթյունները ցնցել են ոչ միայն Յանգոնը, այլև Ռախինե նահանգի մայրաքաղաք Սիտվեն։ Հենց այս նահանգում են ապրում ռոհինջա մուսուլմանները, ում նկատմամբ Մյանմայի ռազմական ղեկավարությունը ցեղասպանություն է իրականացնում 2016-17 թվականներից։
Ռոհինջաները կազմում են Մյանմայի բնակչության շուրջ 2%-ը (շուրջ 1 միլիոն մարդ)։ Նրանք տարիներ շարունակ զրկված են թե Մյանմայի քաղաքացիություն ունենալու, թե բարձրագույն կրթություն ստանալու, թե երկրում ազատ տեղաշարժվելու իրավունքից։ 2016-17 թվականներին ռոհինջաների նկատմամբ բռնությունների ալիքը սրվեց՝ տեղի ունեցան զանգվածային արտադատական սպանություններ, խմբակային բռնաբարություններ, ամբողջական գյուղեր հրդեհվեցին։
Մյանմայի այն ժամանակվա դեմոկրատ նախագահ Աուն Սան Սու Չժին, ով այժմ ձերբակալված է խունտայի կողմից, ոչինչ չարեց բռնությունը կանխելու համար։ Ռոհինջաների նկատմամբ բռնությունների ալիքը դեռ շարունակվում է, և ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ու ՀԿ-ների կողմից որակվել է որպես էթնիկ զտում և ցեղասպանություն։ Ռոհինջաների հալածանքների մասին ավելի մանրամասն՝ այստեղ (անգլ․)։