Երեկ՝ մարտի 21-ին, Մյանմայում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերին միացել են նաև բժիշկները, բժշկական համալսարանների ուսանողներն ու դեղատների աշխատակիցները։ Մանդալայում շուրջ հարյուր ներկա և ապագա բժիշկներ երթ են իրականացրել՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մյանմայի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիի լուսանկարներով պաստառներով։ Բողոքի ակցիան իրականացվել է առավոտյան՝ ոստիկանների հետ բախումներից խուսափելու նպատակով։
Երկրում իշխանության եկած զինվորականների դեմ պայքարող քաղաքացիների բողոքի ցույցերը հիմնականում ավարտվում են ուժայինների հետ դաժան բախումներով։ Թայլանդում տեղակայված «Քաղբանտարկյալների աջակցության ասոցացիայի» (AAPP) տվյալներով, Մյանմայում հեղաշրջումից ի վեր սպանվել է նվազագույնը 247 ցուցարար։
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել։ Ժողովրդավարական շարժման առաջնորդ Աուն Սան Սու Չժիին պահում են տնային կալանքի տակ։
Փետրվարի 8-ից սկսած երկրում լայնամասշտաբ գործադուլներ էին սկսվել՝ «Ժողովրդավարության ազգային լիգայի» առաջնորդ Աուն Սան Սու Չժիի ազատ արձակման պահանջով։