Անգլիական Բրիստոլ քաղաքում ոստիկանության լիազորությունների ընդլայնման դեմ բողոքի ցույցերն ավարտվել են բռնությամբ։ Մի քանի ոստիկաններ կոտրվածքներ են ստացել։
«Սպանել Բիլլին» (Kill Bill․ անգլերեն bill (բիլ) նշանակում է նաև օրենսդրական նախագիծ) անվանումը ստացած ակցիայի մասնակիցները կոտրում էին ոստիկանական բաժանմունքների պատուհաններն ու այրում ուժայինների մեքենաները։
Բրիստոլի քաղաքապետ Մարվին Ռիվզը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական գրասենյակների ու մեքենաների նկատմամբ հարձակումները «միայն մեծացնում են օրինագծի ընդունման հավանականությունը»։
Ոստիկանության, հանցավորության և դատական համակարգի մասին օրենսդրական նախագիծը իրավական մեծածավալ ակտ է՝ կազմված կառավարության կողմից արված առաջարկություններից, որոնցով նախատեսվում է բարեփոխել ոստիկանական և դատական համակարգերը։
Օրինագծի մի ամբողջ հատված նվիրված է բողոքի ակցիաների անց կանցման կարգին։
Ներկայիս օրենսդրությամբ, որևէ տեսակի բողոքի ցույցի կամ հանրահավաքի անցկացմանը խոչընդոտելու համար, ոստիկանությունը պետք է ապացուցի, որ տվյալ միջոցառումը իրական վտանգ է ներկայացնում հանրային կարգի համար, օրինակ, կարող է հանգեցնել տրանսպորտային համակարգի կոլապսի, հանրային գույքի ոչնչացման, մասավոր սեփականության վնասման։ Ոստիկանությունը նաև իրավասու է փոփոխություններ մտցնել բողոքի ակցիաների երթուղիներում՝ դրանք համաձայնեցնելով քաղաքում նախատեսվող այլ միջոցառումների հետ։ Նման փոփոխությունները, սակայն, պետք է նախապես քննարկվեին հանրահավաքի, երթի կամ այլ տեսակի բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ։
Նոր օրենսդրությամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների լիազորություններն ընդլայնվում են։ Ոստիկանները, մասնավորապես, հնարավորություն կունենան իրենք որոշել այս կամ այն տեսակի բողոքի ակցիայի մեկնարկի ու ավարտի ժամերը, սահմանափակել աղմուկը (օրինակ, կարող են արգելել ինչ-որ գործիքներ նվագել) և այլն։ Կանոնների նհետևելու համար հսկայական տույժեր են սպասվում՝ 2500 ֆունտ ստերլինգ (շուտ 3500 դոլար)։