Վրաստանի Ծղալտուբոյի շրջանի Նամախվանի գյուղի բնակիչներն արդեն ավելի քան 100 օր պայքարում են ընդդեմ Ռիոնի գետի վրա ջրաէլեկտրակայանի կառուցման։ «ԷՆԿԱ» ընկերությունը, սակայն, հայտարարել է շինարարական աշխատանքների վերսկսման մասին։ Ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Թբիլիսիում բողոքի ցույցեր են իրականացնում՝ ի աջակցություն Նամախվանիի բնակիչների։
Վերջիններս վստահ են, որ ՋրԷԿ֊ի շինարարությունը գյուղում եղանակային պայմանների փոփոխության կհանգեցնի, ինչի արդյունքում բերքը կպակասի ու գյուղում սով կսկսվի։
2020 թվականի նոյեմբերի 15-ին գյուղացիների բողոքի ակցիան ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով։ Նոյեմբերի 22-ին ցուցարարներին միացել էին Քութայիսի և Լենտեխի բնակիչները։ Նամախվանիի բնակիչների շահերը պաշտպանում էին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ցուցարարները երեկ նշել են, որ չեն պատրաստվում դադարեցնել ակցիան, քանի դեր շինարարական աշխատանքները չեն կասեցվել։
Ծղալտուբոյի քաղաքապետարանը ցուցարարներին կոչ է անում հավաքները շարունակել բացառապես համապատասխան օրենսդրության շրջանակներում։
Ջրաէլեկտրակայանի շինարարությամբ զբաղվող «ԷՆԿԱ» ընկերությունը հունվարի 29-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք ունեն պետական բոլոր թույլատրությունները՝ ՋրԷԿ-ը կառուցելու համար։ Կազմակերպությունն ընդգծել է, որ շինգործընթացները հետաձգելը կարող է զայրացնել միջազգային ներդնողներին, ում շնորհիվ տարածաշրջանում ավելի քան 1600 աշխատատեղ է բացվել։
Հունվարի 30-ին շինարարության համար անհրաժեշտ տեխնիկան գյուղ է մտցվել՝ ոստիկանության ուղեկցությամբ։
Երեկ՝ փետրվարի 1-ին, Վրաստանի խոհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են մինչև վերջ կանգնել գյուղացիների կողքին։
«Մեր Վրաստան» սոլիդարության ալյանսի նախագահ Բեկա Նացվլիշվիլին «Կավկազսկի ուզելի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՋրԷԿ֊ից ստացվող էլեկտրաէներգիան պատրաստվում են օգտագործել բիթքոյնի մայնինգի համար, ինչը ոչ մի կերպ չի նպաստելու տարածաշրջանի բնակչության զբաղվածության ապահովմանը։