Home / Մեդիա / Բուժքրոջը մեկուսացրել են կղզում` կինոներ նայելու

Բուժքրոջը մեկուսացրել են կղզում` կինոներ նայելու

Շվեդ բուժքույր Լիզա Էնրոթը մրցանակաբաշխության արդյունքում հնարավորություն է ստացել մեկ շաբաթ անցկացնել Համնեսկար կղզում և միայնակ դիտել Գյոթեբորգի կինոփառատոնի ողջ կինոցանկը՝ 60 ֆիլմ։

Մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 12 հազար կինոման ողջ աշխարհից։

Լիզա Էնրոթը կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր աշխատել է հիվանդանոցում՝ որպես քովիդ վարակակիրներին խնամող բուժքույր։ Գերհոգնածության վիճակում գտնվող Էնրոթը փառատոնի հայտարարությունը տեսնելուց հետո անմիջապես դիմել էր․ ամիսներ շարունակ աշխատելուց հետո մեկ շաբաթ մեկուսանալ և ֆիլմեր դիտելը հրաշալի հնարավորություն կլիներ։

Կորոնավիրուսի պատճառով Գյոթեբորգի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել էին միջոցառումը տեղափոխել օնլայն հարթակներ։ Ավելի ուշ որոշում էր կայացվել կազմակերպել նաև օֆլայն կինոդիտում՝ մեկ անձի համար, խիստ մեկուսացած պայմաններում։

Մրցանաբաշխությունում հաղթած Լիզա Էնրոթը հունվարի 30-ից սկսած մեկ շաբաթ անց է կացնելու Համնեսկար կղզում գտնվող Pater Noster փարոսում՝ միայնակ, առանց հեռախոսի, համակարգչի, գրքերի և այլ ժամանցային հնարավորությունների։ Ամեն օր երեկոյան Լիզան պետք է տեսահոլովակ ձայնագրի՝ տվյալ օրվա դիտած ֆիլմերի տպավորությունների մասին։

Գյոթեբորգի կինոփառատոնի տնօրեն Միրյա Վեսթերը նշում է, որ նման յուրօրինակ փորձառության հնարավորությունը հենց բուժաշխատողի ընձեռնելն իրենց համար սկզբունքային էր։