Այսօր՝ մարտի 1-ին, Բելառուսի Մոգիլյովի շրջանի «Դնեպր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները ևս միացել են ֆուտբոլի առաջնության բոյկոտին։
«Երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով ակումբի երկրպագուները որոշում են կայացրել բոյկոտել թիմի տնային և արտագնա խաղերը: Կեցցե՛ Բելառուսը», – ասվում է մոգիլյովյան ակումբի երկրպագուների էջում տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, բելառուսական մի շարք ֆուտբոլային ակումբներ հայտարարել էին ազգային առաջնության խաղերը բոյկոտելու մասին։ Մասնավորապես, բոյկոտին միացել են «Դինամո» (Բրեստ), «Նեման» (Գրոդնո), «Սլուցկ» և БАТЭ (Բորիսով) ակումբները։ Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ, բոյկոտն աջակցել են նաև Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ», Մինսկի «Միսնկ» և «Տորպեդո», նաև՝ «Մոլոդեչնո» ակումբների երկրպագուները։
Ֆուտբոլասերները հայտարարել են, որ չեն այցելելու իրենց թիմերի ո՛չ տնային, և ո՛չ էլ արտագնա խաղերը։ «Կարծում ենք, դա սրբապղծության նման մի բան կլինի մեր և այլ թիմերի այն երկրպագուների նկատմամբ, ովքեր վերջին կես տարիների ընթացքում անիմաստ քրեական գործերով հետապնդումների են ենթարկվում», – հայտարարել են «Դինամոյի» երկրպագուները։
Ֆուտբոլային ակումբների երկրպագուները գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ դաժան բռնաճնշումների դեմ իրենց բողոքը ֆուտբոլային խաղերի բոյկոտի միջոցով արտահայտում են դեռ 2020-ից։ Անցյալ տարեվերջին մի շարք ակումբների երկրպագուների միավորումներ հայտարարել էին, որ իրենց թիմի որոշ անդամների նկատմամբ անհիմն հետապնդումների պատճառով մտադիր են բոյկոտել իրենց ակումբների խաղերը։
Ավելի վաղ՝ 2021-ի հունվարին, Հոքեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) չեղարկել էր 2021 թվականի աշխարհի չեմպիոնատը Բելառուսում անց կացնելու որոշումը:
Նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 21-ից հունիսի 6-ն անց կացվող մրցախաղերը պետք է կազմակերպվեին Մինսկում և Ռիգայում։ Այժմ, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, ֆեդերացիան որոշել է տեղափոխել չեմպիոնատը՝ ընդգծելով, որ ցուցարարների նկատմամբ նման դաժան վերաբերմունք ցուցաբերող երկիրը չի կարող ապահով համարվել հոքեյի չեմպիոնատի նման մարդաշատ միջոցառման անցկացման համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսից Բելառուսում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Հաջորդ զանգվածային հանրահավաքը նախատեսվում է իրականացնել մարտի 25-ին, երբ ողջ Բելառուսը տոնում է Կամքի օրը։