Հոքեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) չեղարկել է 2021 թվականի աշխարհի չեմպիոնատը Բելառուսում անց կացնելու որոշումը:
Նախնական պայմանավորվածության համաձայն, մայիսի 21-ից հունիսի 6-ն անց կացվող մրցախաղերը պետք է կազմակերպվեին Մինսկում և Ռիգայում։ Այժմ, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, ֆեդերացիան որոշել է տեղափոխել չեմպիոնատը։
Լատվիայի Արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը ողջունել է չեմպիոնատը Բելառուսում չանելու որոշումը, ընդգծելով, որ ցուցարարների նկատմամբ նման դաժան վերաբերմունք ցուցաբերող երկիրը չի կարող ապահով համարվել հոքեյի չեմպիոնատի նման մարդաշատ միջոցառման անցկացման համար։
charter97.org-ի փոխանցմամբ, առաջնությունը Բելառուսից տեղափոխելու գործում առանցքային նշանակություն է ունեցել չեմպիոնատի գլխավոր հովանավորի՝ Skoda-ի առաջադրած ուլտիմատումը։ Հունվարի 16-ին Skoda-ի պաշտոնական էջում կարճ հայտարարություն էր հայտնվել, որում ասվում էր, որ ընկերությունը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը և խիստ դատապարտում է վերջին ամիսներին Բելառուսի իշխանությունների պահվածքը, և եթե չեմպիոնատն անց կացվի նաև Բելառուսում, ապա Skoda-մ կհրաժարվի հովանավորչությունից։
We've been a proud partner to the @IIHFHockey World Championship for 28 years. But we also respect & promote all human rights. Therefore, #SKODA will withdraw from sponsoring the 2021 IIHF Ice Hockey World Championship if #Belarus is confirmed to be co-hosting the event. pic.twitter.com/fC3ZMbY2cG
— Škoda Auto News (@skodaautonews) January 16, 2021
Մեքենաշինական ընկերության հայտարարությունից առաջ՝ հունվարի 15-ին, նման ուլտիմատում էր առաջադրել նաև Nivea Men կոսմետիկ նյութերի արտադրությամբ զբաղվող Beiersdorf կոնցերնը։ Վերջինս հոքեյի առաջնությունը ֆինանսավորում է արդեն 14 տարի։
Հունվարի 17-ին չեմպիոնատի հովանավորչությունից հրաժարվելու ուլտիմատում ներկայացրեց նաև շարժիչային յուղերի խոշորագույն արտադրող Liqui Moly ընկերությունը։
Գերմանական ընկերությունների նման պահվածքը, հավանաբար, կապված է երկրի ԱԳՆ Հայկո Մաասի հունվարի 14-ին արված հայտարարության հետ։ Գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մաասը նշել էր, որ Բելառուսի ժողովրդի հետ սոլիդար մարդիկ ու կազմակերպությունները չեն կարող թույլ տալ, որ նման կարևոր իրադարձությունն անց կացվի բռնության միջավայրում և «փիար-նվեր» դառնա Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։
Բելառուսում զանգվածային հանրահավաքները սկսվել էին օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո և շարունակվում են մինչ օրս։ Ցույցերի առաջին օրերին դաժան բախումներ են տեղի ունեցել ոստիկանները հետ։ Հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, կան զոհեր։
Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ֊ն, Կանադան և այլ երկրներ չեն ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքներն ու դատապարտել են ոստիկանների բիրտ գործողությունները ցուցարարների նկատմամբ։