Մինսկում աշխատանքն է սկսել ընդդիմության համակարգող խորհուրդը։ Այն հիմնել են նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները։ Խորհուրդը հայտարարել է, որ իրենց նպատակը նոր ընտրություններ կազմակերպելն ու իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելն է։
Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդի ստեղծումը որակել է որպես իշխանությունը զավթելու փորձ և սպառնացել կոպիտ միջոցներ ձեռնարկել։
Լուկաշենկոն Ներքին գործերի նախարարության ավելի քան 300 աշխատակիցների պարգևատրել է շքանշաններով՝ «անբասիր ծառայության համար»։
ՆԳՆ֊ն հայտնել է ևս մեկ սպանված ցուցարարի մասին։
Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել Եվրոպական խորհրդին՝ կոչ անելով չընդունել օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները։ Տեսանյութն անգլերենով հրապարակվել է «Страна для жизни» («Երկիր՝ կյանքի համար») յութուբի ալիքում։
Տիխանովսկին պատմում է, որ օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ արդար էին, ո՛չ թափանցիկ, արդյունքները կեղծված են, իսկ հետընտրական ցույցերի մասնակիցները, ովքեր պայքարում էին իրենց ընտրության իրավունքի համար, դաժան ծեծի ու բռնության են ենթարկվել։ «Հարյուրավոր վիրավորներ, նվազագույնը երկու զոհ (վերջին տվյալներով՝ երեք, խմբ․)։ ․․․Եվ սա տեղի է ունենում հիմա Եվրոպայի կենտրոնում։ Կոչ եմ անում չընդունել այս կեղծված ընտրությունների արդյունքները։ Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը թե՛ սեփախան ժողովրդի, թե՛ ամբողջ աշխարհի աչքերում», – նշում է Տիխանովսկայան։
Նա նաև խոսել է Համակարգող խորհրդի ստեղծման մասին, նշելով, որ դրա հիմնական նպատակը միջազգային անկախ դիտորդների մասնակցությամբ նոր ընտրությունների կազմակերպումն ու իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելն է։
«Բոլորին կոչ եմ անում աջակցել Բելառուսական զարթոնքին։ Բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել միջազգային իրավունքի սկզբունքները։ Կոչ եմ անում հարգել Բելառուսի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը», – հայտարարել է Տիխանովսկայան։
Այսօր Եվրոպական խորհուրդն արտահերթ տեսագագաթնաժողով է ունենալու Բելառուսում ստեղծված իրավիճակի քննարկման համար։
Օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին արդեն հայտարարել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, նաև Եվրամիության 27 երկրների Արտաքին գործերի նախարարներ։