Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետներն ու բռնապետական արժեհամակարգը կրողները` կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները, Ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Տեսել ենք թե ներսի, թե դրսի նման վարքագծի ներկայացուցիչներին 2008թ. Մարտի 1-ին։
Նույն դեմքերն են, ու դաս չեն քաղել», – ասված է գրառման մեջ։
Բելառուսում երեկ անցկացված նախագահական ընտրություններից և չդադարող բողոքի ցույցերից ֆոնին Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնական տվյալներով գրանցված հաղթանակի կապակցությամբ հասցրել է շնորհավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։ Շնորհավորանքի տեքսի մեջ, մասնավորապես, ասված է․ «Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության»։
Նշենք, որ քվեարկությունն անցնում էր աննախադեպ կեղծիքներով։ Ընդդիմության կողմից անցկացված հարցումները պաշտոնական թվերի հայելային պատկերն են։ Հազարավոր մարդիկ տարբեր քաղաքներում դուրս են եկել 26 տարի պաշտոնավարող Լուկաշենկոյի դեմ։
Վերջինիս արդեն հասցրել են շնորհավորել Չինաստանի ժողովրդական Հանրապետության, Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները։
Հայաստանյան իշխանությունների լռությունը՝ Բելառուսում տեղի ունեցող ճնշումների ֆոնին ճիշտ են գնահատում մի շարք իրավապաշտպաններ՝ հույս հայտնելով, որ այս հարցում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունը չի շտապի։