Կիպրոսը սպառնում է արգելափակել Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը, քանի որ ԵՄ բլոկը հրաժարվում է նմանօրինակ սանկցիաներ սահմանել Միջերկրական ծովի արևելյան հատվածում ծովային իրավունքների կոպիտ խախտումների մեջ մեղադրվող Թուրքիայի նկատմամբ։
Արտաքին քաղաքականության միմյանց հետ ամենևին կապ չունեցող այս երկու խնդիրները՝ հակամարտությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Բելառուսի ժողովրդի միջև և Միջերկրական ծովում Թուրքիական կողմի սկսած հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը, նոր քննարկումներ է հարուցել Եվրամիության դիվանագետների շրջանում։
Այժմ Կիպրոսը՝ որը ԵՄ ամենափոքր անդամ պետություններից է, սպառնում է վետո դնել բելառուսական 40 պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցների նախագծի վրա։
Եվրամիության որոշումները կայացնում են կոնսենսուսի սկզբունքով․ անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը, և յուրաքանչյուր երկրի իրավասու է վետո դնել առաջարկված նախագծի վրա։
Առաջարկը նախատեսում է արգելափակել այդ պաշտոնյաների եվրոպական հաշվեհամարներն ու սահմանափակել մուտքը Եվրամիության տարածք։ Նախկինում բելառուսական չինովնիկների նկատմամբ նման պատժամիջոցներ բազմիցս կիրառվել են։
Չորեքշաբթի օրը կայացած ԵՄ դիվանագետների հանդիպման մասնակիցները Կիպրոսի ներկայացուցչին մեղադրում էին Բելառուսում ստեղծված իրավիճակը «շանտաժի առարկա» դարձնելու մեջ։
Դիվանագետները պնդում են, որ պատժամիջոցների չեղարկումը կարող է Եվրամիությանը անլուրջ դրության մեջ դնել։ Առանց այդ սանկցիաների կստացվի, որ երկարատև քննադատական ելույթներից հետո ԵՄ֊ն Բելառուսի պաշտոնատար անձանց դեմ ոչ մի իրական գործողություն չի ձեռնարկում։
Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները ևս մեկ անգամ քննարկելու համար նոր հանդիպում կկազմակերպվի։
Կիպրոսը և Հունաստանը պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, որը բնական գազ հայտնաբերելու համար հորատման աշխատանքներ է սկսել Միջերկրական ծովի վիճելի ջրային տարածք համարվող հատվածներում։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չորեքշաբթի օրը ԵՄ ներկայացուցիչներին կոչ է արել ամեն գնով կանգանցնել Թուրքիայի անօրինական գործողությունները։ Նրա պնդմամբ, Եվրամիությունը չպետք է երկակի ստանդարտներ կիրառի անօրինությունների նկատմամբ իր վերաբերմունքում։
«Մենք Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման դեմ ոչինչ չունենք։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան», – հայտարարել է դիվանագետը։
ԵՄ առաջնորդները խուսափում են պաշտոնական Անկարայի հետ լարված հարաբերություններից։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներին դեմ է հատկապես Գերմանիան, որի իշխանությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ նախագծել և իրականացնում են ԵՄ֊Թուրքիա միգրացիոն գործարքը։
Հիշեցնենք, որ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերելու անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Վերջինիս նկատմամբ խիստ սանկցիաներ են կիրառել միայն Բալթյան երկրները։ Գերմանիայի արտգործ նախարար Հայկո Մաասը զգուշացրել է, որ Բելառուսում ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի նոր դեպքերի արձանագրման դեպքում պատժամիջոցները կտարածվեն նաև այլ պաշտոնյաների, նաև՝ Լուկաշենկոյի վրա։
«Եվրոպայի վերջին բռնապետը» անունով հայտնի Բելառուսի նախագահը ներառված էր ԵՄ սանկցիաների նախորդ ցանկում, որից, սակայն, 2016 թվականին հեռացվել է՝ երկրում մեծամասշտաբ բարեփոխումներ սկսելու խոստման դիմաց։