Home / Մարզեր / Հունաստանում փախստականներին արգելում են հեռանալ այրված ճամբարից

Հունաստանում փախստականներին արգելում են հեռանալ այրված ճամբարից

Հրդեհի հետևանքով ավիրվել է Հունաստանի գաղթականների ամենամեծ ճամբարը՝ Լեզբոս կզղում տեղակայված Մորիա հաստատությունը։

Ոստիկանները պարսպապատել են ճամբարի մոտակա ճանապարհները՝ սահմանափակելու համար փախչող գաղթականների մուտքը հարևան քաղաքներ։

Մորիայի հազարավոր փախստականներ այժմ մնացել են առանց կացարանի։ Իշխանությունները զբաղվում են նրանց համար նոր ժամանակավոր ապաստան գտնելու հարցով։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կատարվածը որակել է որպես «մարդաբանական աղետ»։ Թվիթերի իր էջում գրել է, որ անապաստան մնացած փախստականներին կարելի է կացարաններ տրամադրել Եվրամիության այն երկրներում, որոնք պատրաստ են ընդունել նրանց։

Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Որոշ աղբյուրներ կատարվածում մեղադրում են տեղական իշխանություններին, որոշները՝ միգրանտներին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, մոտակա գյուղերի բնակիչները հրդեհից հետո փակել են իրենց գյուղերի մուտքերը՝ թույլ չտալով հռդեհից փախչող գաղթականներին անցնել իրենց տարածքով։

ՄԱԿ-ի փախստականների գործով հերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իրենք տեղյակ են մոտակա քաղաքաբնակների և միգրանտների միջև «լարվածության» մասին:

«Մենք բոլորին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել։ Ճամբարի տարածքում բնակվողներին կոչ ենք անում սահմանափակել իրենց տեղաշարժը և մնալ ճամբարի մոտակայքում, մինչև ժամանակավոր կացարանի տրամադրումը»:

Մորիայում ապրում է մոտ 13.000 գաղթական։ Այս թիվն ավելի քան 4 անգամ գերազանցում է ճամբարի պաշտոնապես գրանցված տարողունակության ցուցանիշը։ InfoMigrants֊ի տվյալներով, ճամբարում ապրողների 70 տոկոսը հունաստան տեղափոխվել է Աֆղանստանից։ Ընդհանուր առմամբ Մորիայում բնակվում են գաղթականների ավելի քան 70 երկրներից։

Չափազանց խիտ բնակեցվածության, ջրի անբավարար հասանելիության և վատ սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով Մորիայում կորոնավիրուսի տարածումը կանխել չի հաջողվում։ Անցյալ շաբաթ ճամբարի տարածքում խիստ կարանտինային սահմանափակումներ էին մտցրել՝ Սոմալիից ժամանած փախստականի թեստի դրական պատասխանից հետո։