Անցած տարի մեկնարկած՝ 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթած մարդկանց բնակարանների վկայագրերի տրամադրման գործընթացի առաջին փուլում ցանկանում է ներգրավվել նաև Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանում բնակվող երեք ընտանիք։ Մատնանշելով սենյակների խոնավությունն ու փոքր չափսերը, ասում են, որ լուրջ առողջական խնդիրների պատճառով կարող են և չձգել մինչև հերթն իրենց հասնի, այսինքն՝ 2021-2022 թվականները։
Հռիփսիմե Տոնյանի խոսքով՝ երբ իրենց էր այցելել Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, զարմացել էր՝ ինչպե՞ս հնարավոր է նման պայմաններում ապրել։
2019-ի նոյեմբերին՝ 10 տարվա դադարից հետո, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ միջոցներ հատկացրեց՝ Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու համար։
Բնակարանի կարիք ունեցող 2589 փախստական ընտանիքներից առաջնահերթ կարիքավոր ճանաչված 895-ի բնակապահովման խնդիրը նախատեսվում էր լուծել առաջնահերթության կարգով՝ տարանջատված և փուլերով։
2020 թվականին՝ առաջին փուլով, վկայագիր պետք է ստանար Երևանում բնակվող 112 ընտանիք։ Նրանք, ովքեր ապրում են մասնավոր սեփականատերեր ունեցող կացարաններում կամ հանրակացարարններում և չունեն տարրական հարմարություններ («Նաիրի» և «Սեբաստիա» հյուրանոցները, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ի հանրակացարանը և այլն)։
«Վերջերս Փաշինյանն ասաց, որ մինչև հունիսի 15-ը 125 ընտանիք պետք է վկայագրերով ապահովեն։ Իսկ մնացածներին՝ Նոր տարուց հետո։ Մենք կուզենք, որ մեզ մտցնեն էդ 125-ի մեջ, էս երեքս ենք, էլի», – Epress.am-ի հետ զրույցում ասաց Տոնյանը։