Home / Համայնքներ / Թղթաբանության պատճառով Անդրբեջանից փախստականները կարող են մնալ փողոցում

Թղթաբանության պատճառով Անդրբեջանից փախստականները կարող են մնալ փողոցում

2019 թվականին նոյեմբերին՝ տասը տարի դադարից հետո, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ միջոցներ հատկացրեց՝ Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրմադրելու համար։ Բնակարանի կարիք ունեցող 2589 փախստական ընտանիքներից 895-ի բնակապահովման խնդիրը նախատեսվում էր լուծել առաջնահերթության կարգով՝ տարանջատված և փուլերով։ 2020 թվականին՝ առաջին փուլով, վկայագրիր պետք է ստանար 112 ընտանիք՝ նրանք, ովքեր ապրում են մասնավոր սեփականատերեր ունեցող կացարաններում կամ հանրակացարարններում, որոնք չունեն տարրական հարմարություններ («Նաիրի» և «Սեբաստիա» հյուրանոցները, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ի հանրակացարանը և այլն)։ Այս ընտանիքների մի մասի վկայագրերն արդեն իսկ փոխանցվել են, մի մասը դեռ սպասում է, որոշներն օրեր առաջ մերժման նամակ են ստացել։

Մերժման հիմքերը կրկնվող են։ Մերժումների գերակշիռ մասը հիմնավորվում է շահառուի երկարատև բացակայությամբ․ եթե քաղաքացին վերջին մի քանի տարիների ընթացքում 183 և ավելի օրով բացակայել է երկրից, ըստ Միգրացիոն ծառայության, նա չի համարվում Հայաստանի մշտական բնակիչ, ամենայն հավանականությամբ՝ ունի այլ բնակավայր, ուստի՝ առաջնային կարիքավորների ցանկում ներառվել չի կարող։ Ընդհանրական այս մոտեցումը նպատակ ուներ մաղել ցանկերը ժամանակավոր կացարաններում հաշվառված, բայց փաստացի արտագաղթած կամ բնակության այլ վայր ունեցողներից։ Որոշ դեպքերում, սակայն, համահարթ չափանիշի տակ են հայտնվել նաև մարդիկ, որոնք ոչ արտագաղթած են, ոչ էլ մշտական բնակության այլ վայր ունեն, և պակաս կարիքավոր չեն, քան նրանք, ովքեր երկրից կամ կացարանից առհասարակ չեն բացակայել։

«Ինտերռիմինի» ՍՊԸ-ին պատկանող հանրակացարանում, օրինակ, մերժում են ստացել բնակիչներից երեքը․ երկուսը՝ «բացակայությունների» հիմքով, մեկը՝ «Կադաստի կոմիտեի» ցուցումով։

Հանրակացարանի բնակիչները բողոքում են․ բացակայածները երկու տարեց կանայք են, որոնք տարվա ցուրտ ամիսներին մեկնել են Ռուսաստան՝ երեխեքի մոտ։ Մշտական բնակության վայր Ռուսաստանում չունեն։ Նրանցից մեկը՝ տիկին Անյան ցույց է տալիս հանրակացարանի իր սենյակի պատերի ճեղքերը, քարից հատակը։ Ասում է՝ ձմեռները ջեռուցել հնարավոր չէ։ Գնացել է Ռուսաստան․ մի քանի ամիս՝ մի երեխայի ընտանիքի մոտ, մի քանի ամիս՝ մյուս երեխայի ընտանիքի հետ, մինչև տաքերն ընկնեն, վերադառնա հանրակացարանի իր սենյակը։ Եթե երեխաները արտագաղթած չլինեին՝ նրանց մոտ ձմեռելը բացակայություն, հավանաբար, չէր համարվի․ «Արտագաղթել են Ռուսաստան, որովհետև Հայաստանում մնալու ճար չունեին։ Հանրակացարանի մի սենյակում, առանց աշխատանքի ու եկամուտի ինչքա՞ն պետք է մնային։ Ես չեմ ասում, որ իմ արտագաղթած երեխեքին էլ հաշվառեն ու տուն տան։ Բայց ես չեմ արտագաղթել, ես ստեղ եմ։ Ինձ ոչ ոք չէր զգուշացրել, որ ես տեղաշարժվելու իրավունք չունեմ»։

Ի՞նչ է լինելու ծրագրից դուրս մնացած տատիների հետ՝ ոչ ոք չի ասում։ Հանրակացարանը մասնավոր է, հարևանների դուրս գալուց հետո, ամենայն հավանականությամբ, սեփականատերը մնացած երեք սենյակներից ևս կպահանջի կա՛մ հեռանալ, կա՛մ մնալ՝ վարձավճարի դիմաց։ Միգրացիոնը, ասում են փախստականները, ցավով արձանագրում է, որ ոչնչով օգնել չի կարող․ մերժումն արդեն իսկ հաստատվել է հատուկ հանձնաժողովի կողմից։

Տիկին Մարգարիտայի «մերժման» պատմությունն ավելի բարդ է։ Կադաստրի կոմիտեն Միգրացիոն ծառայության հարցմանը պատասխանել է, որ 90-ականների սկզբին նա որոշ ժամանակ Գյումրիում գրանցված է եղել որպես բնակարանի սեփականատեր։ Անցյալում սեփականություն ունենալն ավտոման հիմք է հանդիսանում պետության՝ բնակապահովման պարատականությունը չեղարկելու համար։ Բայց տիկին Մարգարիտան սեփականություն և բնակարան երբեք չի ունեցել․ դստեր և թոռան հետ նա 30 տարի անընդմեջ ապրել է հանրակացարանի փոքր սենյակներից մեկում։ Ասում է՝ կոմունալ վճարների, երեխայի մանկապարտեզից և դպրոցից տեղեկանքներով, հազարումի փաստաթղթով կարող է ապացուցել, որ ինքը առանց բացակայելու բնակվել է Սեբաստիայի կացարանում։

Գյումրու տունն իր անունով 90-ականների սկզբին ձևակերպել է հայրը․ նա ծնունդով գյումրեցի է, հայրական ընտանիքի բնակարանը փլվել է երկրաշարժի ժամանակ, հայրը հերթի մեջ էր, հերթից դուրս չմնալու համար՝ տան գործարքն արել է միակ չափահաս երեխայի՝ աղջկա տվյալներով։ Հետագայում, երբ տղաների 18-ը լրացել է, բնակարանը վերաձևակերպել է նրանց անունով։ Կինը այդ տան երեսն անգամ չի տեսել․ ասում է՝ ոչ հասցե գիտեմ, ոչ գիտեմ՝ ոնց է դա արվել, որ կադաստում որպես նշում մնացել է իր անունը։

Ընտանիքը փորձում է բողոքարկել մերժման որոշումը․ Միգրացիոն ծառայությունից պահանջում են հաշվի առնել որոշ պատմությունների առանձնահատկությունները՝ ընդհանուր չափանիշները համահարթ կերպով կիրառելու փոխարեն։ Միգրացիոնը դեռևս չի արձագանքում։