Հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ընթացքում «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը, հիշատակելով Ղարաբաղի ադրբեջանցիներին, ադրբեջանցի փախստականներին, անընդհատ ավելացնում էր «այսպես կոչված» բառերը։ Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Ղարաբաղում ադրբեջանցիներ չեն ապրել և խնդրի կարգավորման ընթացքում պետք չէ հաշվի առնել իրենց իրավունքները, բանախոսը պատասխանեց, որ այդ մարդկանց մեծ մասը ռազմական հանցագործներ են։
Հարցին պատասխանելիս Այվազյանը խոսում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության և Բաքվի արտաքին քաղաքականության մասին։ Epress.am-ի լրագրողը ճշտեց, որ հարցը դիվանագետ և քաղաքական գործիչ փախստականների մասին չէ, այլ ադրբեջանցիներիների, որոնք պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, մեկ-մեկ դուրս են գալիս բողոքի, ճանապարհներ փակում։ Այվազյանն ասաց, որ պետք չէ ուշադրություն դարձնել ադրբեջանցիների «վնգստոցներին», առաջնայինը՝ ադրբեջանահայերի հարցն է։
Վերջիններս, որոնց թիվը գերազանցում է կես միլիոնը, ըստ բանախոսի, զոհ գնացին հանուն 120 հազար ԼՂԻՄ-ի հայերի, և իրենց ճակատագրի համար, բացի Ադրբեջանից, պատասխանատու են Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները ևս։ Հայաստանում ադրբեջանահայերի ապրելու պայմանները նա համեմատեց համակենտրոնացման ճամբարների հետ։
Այվազյանի խոսքերով, հայ փախստականները ճանապարհներ չեն փակում, քանի որ մտնում են պետության դրության մեջ, բայց իրավիճակը կփոխվի, եթե չլուծվեն իրենց բնակարանային խնդիրները։
Նա ասաց նաև, որ Ադրբեջանում հնարավոր չէ առանց իշխանության թույլտվության բողոքի դուրս գալ և ճանապարհ փակել՝ դա «իրենց դիվանագիտության մասն է», իսկ Ղարաբաղից վտարված ադրբեջանցիների բախտը բերել է, քանի որ նրանք հնարավորություն ունեցան գյուղերից Բաքու տեղափոխվել։ «Ո՞նց են հայերը երազում Լոս, Ամերկա գնալ, այդպես էլ Արցախի թուրքերը երազում էին Բաքվի մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում