Home / Մեդիա / Հարցերս մնացին, լսեցի Հեյդարի «վիժվածք Իլհամի» մասին

Հարցերս մնացին, լսեցի Հեյդարի «վիժվածք Իլհամի» մասին

Սովետական Ադրբեջանում հայերի ջարդերի վերաբերյալ «Ինչո՞ւ են ՀՀ քաղաքական իշխանությունները խուսափում 1988-ի փետրվարը Սումգայիթում և 1990-ի հունվարը Բաքվում որակել ցեղասպանություն» խորագրով ասուլիսին ներկայանալուց առաջ հարցեր էի նախապատրաստել։ Օրինակ, ուզում էի հետաքրքրվել ադրբեջանահայերից, թե ինչպե՞ս էր վերջին 30 տարիների ընթացքում փոխվում իրենց հանդեպ վերաբերմունքը Հայաստանում։ Կամ ինչպե՞ս են իրենք գնահատում ադրբեջանցի և հայ փախստականների հնարավորությունները՝ խաղաղություն հաստատելու գործում։ Սակայն մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում, որի մասնակիցներն ահասարսուռ հիշողություններով էին կիսվում և խոսում Հայաստանի կողմից դեպքերը որպես ցեղասպանություն որակելու անհրաժեշտության մասին, այդպես էլ չհամարձակվեցի դրանք հնչեցնել։ Ներկաներից մի քանիսը, լսելով սպանությունների ու բռնաբարությունների մասին բանախոսների պատմությունները, արցունքները սրբելով շշնջում էին՝ ես էլ եմ էդ ամենը տեսել։

Հունվարի 13-ին Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի վարչապետը՝ Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության համակարգող Մարիամ Ավագյանը ոգևորիչ է համարում այս փաստը, որովհետև տարիների ընթացքում «որևէ անգամ նման բարձր աստիճանի հիշատակման արարողություն չէր արվել»։ Սակայն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի և Արցախի ԱԳՆ ուղերձներն ընթերցելուց հետո Ավագյանն իրեն «կոտրված զգաց»։ Նա ցանկանում է իմանալ, թե ով է դրանց հեղինակը։

«Ուզում եմ հասկանալ՝ որտեղի՞ց այն թվերը, որ ֆիքսվել են վարչապետի ուղերձում և Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ո՞վ է ասել, որ Բաքվում 250 հազար հայ էր ապրում, ո՞վ է ասել, որ 150-ից 300 հայ է սպանվել Բաքվում։ Ի՞նչ է, օգտագործում ենք Ադրբեջանի կեղծ պաշտոնական տվյալները, վաղն էլ օգտագործելու ենք Ադրբեջանի պաշտոնական կեղծ սկզբունքներն ու պատմությունները։

Արցախի արտգործնախարարությունն ինքն իրեն հարց տա՝ քանի՞ հայ է տեսել, մասնագետ հայ, որը հետազոտել է այդ նյութերը և պարզել՝ քանի հայ է սպանվել ու մորթվել Բաքվում։ Իմ թվերը բոլորովին ուրիշ են։ Ահռելի թվեր ունենք մենք», – ասել է Ավագյանը՝ հավելելով, որ տեղացի որոշ ադրբեջանագետներ ևս սխալ տվյալներ են ներկայացնում։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարության մեջ տեղ գտած «դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք» հատվածին, նա ասաց․ «Ումի՞ց էր վարչապետն սպասում այդ կարեկցանքն ու հարգանքը 30 տարիների ընթացքում՝ Հեյդարի՞ց, թե՞ նրա վիժվածք Իլհամից։ Ես ապշում եմ նմանատիպ միամիտ, եթե չասենք կոկետ ձևակերպումներից»։

Համեմատելով վարչապետի հայտարարությունը վերջինիս նախկին ելույթների հետ, որոնք, ըստ բանախոսի, ավելի «դուխով» էին, երեկվանը Մարիամ Ավագյանը «թույլ» է անվանել, իսկ Արցախի արտգործնախարարության՝ անատամ։

Ալլա Մանվելյան