Մարտի 1-ի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դատարան չներկայանալու պատճառով։ Պարզվեց՝ Խաչատուրովի պաշտպանը բոյկոտում է նիստը, քանի որ Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի խոսքերը դատարանը անհետևանք է թողել։
Ըստ Պողոսյանի, դատարանը չի ապահովել կողմերի մրցակցության սկզբունքը և անբարենպաստ պայմաններ է ստեղծել պաշտպանության կողմի համար։
«Երբ փաստաբանների հասցեին «սպանված հարազատ ունենալու» սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որեւէ գործողություն չի իրականացվում, պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական ու ողջամիտ հնարավորությունից, ուստի չեմ ներկայանալու դատական նիստին՝ հայցելով նրանց ներողամտությունը, ովքեր այս գործի քննության ընթացքում ցուցաբերել են պատշաճ վարքագիծ», – դատարանին փոխանցած գրությամբ հայտնել է Պողոսյանը։
Խաչատուրովի պաշտպանն, այսպիսով, սպառնալիք է որակել Մարտի 1-ին գործով տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյան խոսքերը, ով հունվարի 9-ի նիստին, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությանը, նշել էր․ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում», և մեղադրում դատարանին այս խոսքերը անարձագանք թողնելու մեջ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը դիմումն ընթերցելուց հետո հայտարարեց՝ նախորդ նիստի ձայնագրությունները ուսումնասիրվել են, և դրանցում որևէ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հետ, չի հնչել: Դանիբեկյանը նշեց, որ եթե պաշտպանության կողմն այդտեղ սպառնալիք է տեսնում, կարող է դիմել համապատասխան դատավարական գործողությունների:
Գործով մեղադրող-դատախազն Գևորգ Բաղդասարյանը Պողոսյանի հայտարարությունը որակեց որպես ցուցադրական քայլ։ Նա միջնորդեց Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել։ Դատավորը առարկեց՝ պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը պետք է քննության առարկա դառնա նրա ներկայությամբ, և հիշեցրեց, որ եթե Պողոսյանը ևս երկու անգամ բաց թողնի դատական նիստերը, կարող է հեռացվել գործի վարույթից։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով հաջորդ նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը։