Home / Համայնքներ / «Ուզում ենք մոռանալ այս 30 տարիների մասին»․ փախստականների մի մասը բնակարան կստանա

«Ուզում ենք մոռանալ այս 30 տարիների մասին»․ փախստականների մի մասը բնակարան կստանա

1988-1992 թվականներին Արդբեջանից բռնագաղթաց և 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում, հանրակացարաններում և նախկին դպրոցների տարածքներում բնակվող փախստականները կստանան բնակարանի գնման վկայագրեր։

Կառավարությունը այսօրվա նիստին միաձայն ընդունեց Միգրացիոն ծառայության կողմից դեռևս օգոստոսին շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը։ Առաջնահերթ կարիքավոր համարվող 835 փախստական ընտանիքներից 112-ին բնակարանային վկայագրեր տրամադրելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 միլիարդ 495 միլիոն դրամ։

«Ուզում եմ մատնանշել, որ այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, և փաստացի 10-11 տարի շարունակ որևէ բան այս ուղղությամբ չի իրականացվել։ Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ, բավականին ծանր պայմաններում են իրենք ապրում, և ես կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները և մեր «հին պարտքերը» մենք պետք է մարենք», – կառավարության այսօրվա նիստին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

2009 թվականից ի վեր Ադրբեջանից բռագաղթած անձանց բնակապահովության ծրագրի իրականացման համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվել: Տասը տարի դադարից հետո սա փաստացի առաջին նախագիծն է, որը միտված է լուծել փախստականների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Ըստ  2019 թ. թարմացված ցուցակների, խոսքը «Հայաստանում բնակարանի կարիք ունեցող Ադրբեջանից բռնագաղթած 2589 փախստական ընտանիքների» մասին է,  որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում: Նրանցից 895-ը (641-ը՝ Երևանում և 254-ը՝ մարզերում) ապրում են ուրիշի մասնավոր սեփականություն հանդիսացող ժամանակավոր կացարաններում կամ հանրակացարարններում, որոնք չունեն տարրական հարմարություններ, կառավարությունը նրանց համարում է առաջնահերթ կարիքվոր։

Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ փախստականների բնակապահովման խնդիրը, կառավարության հավաստմամբ, կլուծվի ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ տարանջատված, ըստ առաջնահերթության և փուլերի։

Առաջին փուլում բնակարանային վկայագրեր կստանան հիմնականում մասնավոր սեփականատեր ունեցող տարածքներում բնակվող փախստականները՝ «Նաիրի» և «Սեբաստիա» հյուրանոցների, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին պատկանող հանրակացարանի բնակիչները, Ծարավ Աղբյուր փողոցում ժամանակավոր կացարան ստացած փախստականները և այլն։ Ըստ զեկուցող Բագրատ Բադալյանի, ընդգրկումը պայմանավորված է վերջիններիս անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով։ Ժամանակավոր կացարանների սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացնելու դեպքում պետությունը չունի և երբևիցե չի ունեցել այդ ընտանիքներին պաշտպանելու գործուն իրավական մեխանիզմներ։

Վկայագրերով տրամադրելիք գումարի չափը որոշվելու է ըստ Կադաստրի կոմիտեի կողմից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանի համար հաստատված միջինացված գների: 

Որոշման նախագծի համաձայն, եթե վկայագիր ստացած ընտանիքը մեկ տարվա ընթացքում (առանց երկարաձգելու հնարավորության) չկարողանա բնակարան ձեռքբերել, վկայագիրը կմարվի, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը կկորցնի բնակարանային ապահովման նպատակով հաշվառման մեջ գտնվելու իրավունքը։

112 ընտանիքների համար կառավարությունը կհատկացնի մոտ 1․5 միլիարդ դրամ, ամենապարզ հաշվարկով՝ անտեսելով անգամ ընտանիքի անդամների և սենյակների քանակի հարցը, ստացվում է 13 միլիոն 392 հազար դրամ (շուրջ 28 հազար դոլար)` մեկ ընտանիքի համար: Մեկ սենյականոց բնակարանների դեպքում այս թիվը, իհարկե, կնվազի, իսկ բազմասենյականոց բնակարանների համար՝ կավելանա։

Հաշվի առնելով կադաստրային և շուկայում գործող արժեքների միջև ահռելի տարբերությունը, այս գումարը, ըստ էության, կարող է բավարար չլինել բնակարան գնելու համար ոչ միայն Ավանում, այլև Երևանի ամենածայրամասային շրջաններում։

Խնդիրը մեղմելու համար Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը խոստացան, որ կստեղծեն աշխատանքային խումբ, որը կօգնի փախստականներին բնակարան փնտրելու և ընտրելու գործում, նաև վստահեցրեցին՝ կմիջնորդեն այն անձանց համար, ովքեր մտադիր են վկայագիրն օգտագործել հիփոթեքային ծրագրի համար։ 

Կառավարության դիմաց հավաքված փախստականները մինչև վերջին պահը չէին հավատում, որ որոշումն այնուամենայնիվ կընդունվի։ Ընդունման մասին լուրը ստանալուց հետո մարդիկ շնորհավորում էին իրար, ասում էին՝ ցանկանում են ու պատրաստ են մոռանալ երեսուն տարվա կենցաղային և մշակութային տառապանքների մասին։ «Մնաց ձգել մինչև վկայագրերը տան», – ասաց տարեց կանանցից մեկը։

Փորձագետները, մինչ այդ, ահազանգում են՝ շատ մեծ է հավանականությունը, որ շահառուների զգալի մասը չի կարողանա օգտագործել վկայականը։ Մարդիկ կմնան նույն կարգավիճակում, պետությունն էլ կազատվի իր իրավական պարտականությունից։