Home / Համայնքներ / Ադրբեջանահայերի մի մասը կլքի 30 տարվա ժամանակավոր կացարանները

Ադրբեջանահայերի մի մասը կլքի 30 տարվա ժամանակավոր կացարանները

Մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախարար Սուրեն Պապիկյանը և Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բնակարանի գնման վկայագրեր հանձնեցին Անդրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած 20 փախստական ընտանիքներին։ Եվս 92 ընտանիք վկայագրեր կստանա մարտ ամսվա ընթացքում։

Սա՝ 1988-1992 թթ․ Անդրբեջանից բռնի տեղահանված հայ ընտանիքների բնակապահովման խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլն է․ ի կատար է ածվում 2019 թվականին ընդունած գործադիր որոշումը, որով Կառավարությունը պահուստային ֆոնդից 1.5 մլրդ դրամ հատկացրեց՝ 112 ընտանիքի վկայագրեր տրամադրելու համար։

Մեկ սենյականոց բնակարան գնելու համար տրամադրվել է 12 միլին դրամ (~25 000 դոլար), 2 և 3 սենյականոց բնակարանների համար՝ 14,6 և 17,3 միլիոն դրամ (~30 300 և ~36 000 դոլար) համապատասխանաբար։

2020 թվականին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը․ բնակարանային վկայագրեր կտրամադրեն Երևանում՝ ժամանակավոր կացարաններում բնակվող ևս 185 ընտանիքների։ Կառավարությունը, ըստ Ղազարյանի, արդեն իսկ հաստատել է այդ ծրագիրը, որի համար նախատեսվում է հատկացնել 2.1 մլրդ դրամ։

Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվում է լուծել Երևանի 10 վարչական շրջաններում ընդգրկվոծ քաղաքացիների բնակապահովման հարցը. «Չենք հասցնի բնակարաններով ապահովել միայն Շենգավիթում բնակվող Ադրբեջանից բռնագաղթածներին, քանի որ հենց այնտեղ է ապրում նրանց ամենամեծ խումբը»։ Նախատեսվում է, որ երևանաբնակ փախստականների բնակարանային հարցն ամբողջությամբ կլուծվի մինչև 2022-2023 թվականները։