Փետրվարի 24-ին Բարձրագույն կրթության օրենքին նվիրված խորհրդարանական լսումներին «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանի ելույթը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) գիտխորհրդի որոշ անդամների կողմից ուսանողին թիրախավորելու առիթ է դարձել:
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանը՝ ամբողջ ռեկտորատի և ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի ներկայությամբ, ուսանողին մեղադրել է «սորոսականության», «Սորոսից փող վերցնելու», «գոմիկ», «սատանիստ» և «լակոտ» լինելու մեջ, հնչեցրել սպանության և առողջությանը ծանր վնասներ պատճառելու սպառնալիքներ։
«Երբ ես ԱԺ հանրային լսումների ժամանակ ելույթ ունեցա, ասում էի, որ Սահմանադրական դատարանը վերջին բաստիոնը չի նախկին հանցավոր ռեժիմի։ Դրանում համոզվելու համար առաջարկեցի գալ Շիրակի պետական համալսարան, տեսնել՝ թե ինչ է այստեղ կատարվում, ովքեր են այստեղ աշխատում և ինչով են զբաղված։ Կոսմետիկ քայլերը, որոնք արվեցին հեղափոխությունից հետո, փոփոխություններ չբերեցին։ Կրթական ծրագրերը, մեթոդները նույնպես չեն փոխվել», – Epress.am-ի հետ զրույցում ասում է Գևորգը։
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո համալսարանի հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը ճնշման ներքո ստիպված հրաժարական է ներկայացնել։ Բուհի վարչակազմի վրա մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Աշխատանքից ազատվել է նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ (նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել)։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երվանդ Սերոբյանը։
Սրանից բացի՝ ոչինչ չի փոխվել, ասում է Գևորգը։ Համալսարանում լճացած վիճակ է, ցանկացած քննադատություն կամ փոփոխության փորձ բախվում է ագրեսիվ պաշտպանողականության։
«Ելույթիս հաջորդ օրը ռեկտորատով հավաքվել են, քննարկել։ Ելույթիցս ամենաշատը կատաղել է դեկան Թամարա Մելիքյանը՝ հանրապետական նախկին պատգամավոր Արտաշես Կարապետյանի կինը և հանրապետական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը։
Թեև ես նրա անունը որևէ կերպ չեմ շեշտել, նա իմ ելույթը որպես անձնական քննադատություն է ընկալել։
Ռեկտորի և մնացած երեք դեկանների ներկայությամբ հայտարարել է, որ ես «սորոսական» եմ, «սատանիստ», «գոմիկ» ու «լակոտ», սպառնալիքներ հնչեցրել և այլն», – ասում է Ղուկասյանը։ Ռեկտորատի հավաքին Գևորգը ներկա չի եղել, քննարկման բովանդակության մասին իմացել է ավելի ուշ, խոսել դեկանների, ռեկտորի հետ, ինքը՝ Մելիքյանը, սկզբում հերքել է, որ նման հայտարարություններ է արել, հետո՝ հաստատել, ապա՝ կրկին հերքել։
Ուսանողի կարծիքով, տիկին Մելիքյանին (և դեկանադասախոսական կազմի գերակշռող մեծամասնությանը), հավանաբար, դուր չի եկել ոչ միայն իր ելույթը, այլև առհասարակ համալսարանում նոր ուսանողական միավորի ի հայտ գալը․ «Ավելի հարմար է աշխատել ուսխորհրդի հետ, որը վերահսկվում է նրա հովանավորյալներից մեկի՝ ուսանողների աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Չարչօղլյան Արթուրի կողմից»։
Ինչ վերաբերում է ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի դիրքորոշմանը, ապա այն, Գևորգի խոսքերով, ինչպես միշտ՝ խուսափողական է․ «Նրա հետ հանդիպեցի միջադեպի հաջորդ օրը։ Մի կողմից ասում էր՝ անձամբ ես քո, քո ելույթի հետ խնդիր չունեմ, մյուս կողմից՝ «դե դու էլ ես մի քիչ չափազանցացնում»։ Իրականում, նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ոչ մի դրական փոփոխություն ՇՊՀ-ում տեղի չի ունեցել»։
Սերոբյանի նշանակումից հետո բուհը, որը գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, որը մոտ 150 միլիոն դրամի ֆինանսական դեֆիցիտ ունի, չունի նորմալ դասախոսներ, չունի իրենց զբաղեցրած պաշտոնին համապատասխանող մասնագետներ, ընդհամենը սկսել է ավելի շատ ուսանող ընդունել․ ավելի շատ ուսանող՝ ավելի մեծ ուսման վարձ սկզբունքով։ Այլ փոփոխություններ, կարծես, չեն արձանագրվել։
Նշենք, Ռեստարտ նախաձեռնությունը նամակով դիմել է ՇՊՀ֊ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, ԿԳՄՍ նախարարին և ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին՝ խնդրելով հստակ քայլեր ձեռնարկել՝ դասախոսի կողմից ուսանողի նկատմամբ հետագա ագրեսիան կանխարգելելու ուղղությամբ։
Նամակը մարտի 3-ին հանրայնացվել է Լևոն Բարսեղյանի կողմից, ով՝ դիմելով Գլխավոր դատախազին, խնդրել է հանձնարարել՝ ուսումնասիրել նամակը, դրանում նշված հանգամանքները և հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել։