Սպիտակի երկրաշարժի 31-ամյակի նախորեին հաստատվեց 2020 թվականի պետական բյուջեն, որով նախատեսվում է 3 միլիարդ դրամ հատկացնել աղետի գոտու խնդիրների և գլխավորապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակապահովման համար։ Սա 2018 թվականի իշխանափոխությունից հետո թվով չորրորդ հատկացումն է, որի շնորհիվ վերջապես ավարտին կհասցվի 2008 թվականին հաստատված և տարիներ առաջ փաստացի սառեցված աղետի գոտու պետաջակցության ծրագիրը։
Աղետի գոտու անօթևանների բնակապահովման խնդիրը, այսպիսով, մինչև 2020 թվականի տարեվերջ ամբողջությամբ կլուծվի, հայտարարում են վարչապետն ու պաշտոնյաները։ Քաղշինության կոմիտեն հաստատում է՝ հատուկ շեշտելով, որ խոսքը միայն այն ընտանիքների մասին է, որոնք ներառվել են 2008 պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում։ Տնակներում ապրող, շահառուների ցանկից տարբեր պատճառներով դուրս մղված ընտանիքների բնակապահովման հարցը կքննարկվի հաջորդիվ․ հեղափոխությունից հետո նոր հաշվառում է իրականացվել, ասում է Քաղշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի վարչության պետ Տանյա Արզումանյանը, հերթացուցակները թարմացվել են, բայց ընթացիկ ծրագիր կամ սահմանված ժամանակացույց դեռևս չկա։
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակապահովության ծրագիրը սիզբ է առել 2008 թվականին։ 5396 ընտանիք՝ Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից, ճանաչվել է ծրագրի շահառու։
Քաղաքների բնակիչների հարցը ծրագրի շրջանակներում համարվում է ամբողջությամբ լուծված։ Ընթացիկ և գալիք տարվա հատկացումները վերաբերում են բացառապես գյուղական համայնքների բնակիչներին։
Ի՞նչ է արվել հեղափոխությունից հետո։ 2018-ին կառավարության որոշմամբ բյուջեից 458 մլն դրամ է հատկացվել՝ 44 ընտանիքների կիսակառույց տների շինաշխտանքները ավարտին հասցնելու համար։ 2019-ին՝ 61 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացվել է ևս 560 միլիոն դրամ։ Նույն թվականին՝ բացառության կարգով, պահուստային ֆոնդից երկրորդ անգամ հատկացվել է լրացուցիչ 1 միլիարդ 291 միլիոն դրամ՝ գյուղական համայնքներում բնակվող ևս 227 ընտանիքներին բնակարանի վկայագիր տրամադրելու համար։
Պետծրագրի շրջանակներում մնացել է 226 ընտանիք, որոնց նկատմամբ պետությունը ունի դեռևս չմարված պարտավորություն։ Այդ 226 ընտանիքների բնակարանային խնդրի վերջնական լուծման կստանա 2020 թվականին՝ բյուջեից հատկացված 3 մլրդ դրամի շնորհիվ։
Այսպիսով 2020 թվականի տարեվերջին աղետի գոտու խնդիրը (սահմանված ծրագրի շրջանակներում) կհամարվի ամբողջությամբ լուծված։
Ինչը, իհարկե, չի նշանակում, որ երկրաշարժից անօթևան մնացած բոլոր ընտանիքների փոխհատուցման պարտականությունը գործնականում կատարված է։
Հոջորդը՝ տնակները
«Անցած տարի՝ դեկտեմբերին 7-ին, Գյումրի քաղաքում կայացած արտագնա նիստի ժամանակ վարչապետի կողմից հանձնարարվեց փաստագրել տնակները, հասկանալ՝ ինչ պատկեր ունենք, ովքեր են տնակներում բնակվող ընտանիքները, որպեսզի պետական ծրագրի իրականացմանը զուգահեռ հստակեցվեն նաև մեր հետագա անելիքները», – դեկտեմբերի 5-ին կայացած ասուլիսին ասաց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման վարչության պետը։
Նրա խոսքերով, հետազոտության արդյունքում փաստագրվել է ընդհանուր առմամբ 7219 ոչ հիմնական շինություն, որոնցից 3531 (ավելի քան 2800-ը՝ Գյումրիում) Շիրակի մարզում, 3530՝ Լոռիում, 158՝ Արագածոտնի մարզում։
«Խոսքը և՛ ավտոտնակների, և մետաղական վագոն-տնակների, և քարաշեն, կիսաքարաշեն, փայտյա կառույցների մասին է։ Ովքե՞ր են այդ ընտանիքներում բնակվողները։ Ընտանիքների՝ տնակում հայտնվելու հիմքերը բազմազան են․ մի մասը՝ ներքին միգրացիայի հետևանքով է հայտնվել տնակում, մյուսը՝ ներընտանեկան խնդիրների, զգալի մասը՝ երկրաշարժի հետևանքով», – նշեց Արզումանյանը՝ առանց հստակեցնելու երկրաշարժի հետևանքով տնակներում հայտնված ընտանիքների ընդհանուր քանակը։
Պետությունը, նրա խոսքերով, երկրաշարժից տուժած և փաստացի տնակներում բնակվող ընտանիքներից ոչ բոլորի նկատմամբ է, որ ունի չմարված պարտավորություն․ «Տնակներում ապրողները կարգավիճակը տարբեր է․ կան նախկինում բնակարան ստացած և վաճառած ընտանիքներ, ընտանիքներ, որոնք բնակարան են ստացել, բայց ընտանիքի մեծ լինելու պատճառով մասամբ շարունակում են բնակվել տնակում, այսինքն՝ պետությունը այս ընտանիքների նկատմամբ պարտականություն չունի»։
Արզումանյանի խոսքերով, մի փոքր հատվածն էլ երկրաշարժի հետևանքով բնակարան է կորցրել, բայց սահմանված ժամկետում տարբեր պատճառներով չի դիմել պետական ծրագրերում ընդգրկվելու համար․ այդ ընտանիքները ևս հաշվառվել են, թարմեցված տվյալները հիմք կդառնան նոր ծրագրի մշակման համար։ Ծրագիր, սակայն, դեռևս չկա։
Epress.am-ի հարցին՝ ի՞նչ լուծումներ են նախատեսվում երկրաշարժի հետևանքով սեփական տուն կորցրած և 30 տարի շարունակ ինքնաշեն կառույցներում բնակվող սպիտակցիների համար, որոնք ի տարբերություն բազմաբնակելի շենքում տուն կորցրած ընտանիքների՝ չեն փոխհատուցվել, բայց և դուրս են մնացել պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկից, Արզումանյանը ասաց, որ նրանց հարցը կառավարության օրագարգում է, սակայն մշակված ծրագիր դեռևս չկա․ «Մինչև ընթացիկ ծրագրի ավարտը, այսինքն՝ մինչև 2020 թվականի ավարտը, կփորձենք մոտեցումները, պատկերացումները ձևավորել, ինչը հիմք կդառնա հետագա ծրագրերի համար»։
Անհատական տուն կործրած և չփոխհատուցված ընտանիքները մոտ 1000-ն են, կեսից շատը՝ Սպիտակ քաղաքում։
Ինչո՞ւ են նրանք փաստացի դուրս մնացել ծրագրից։ Որովհետև բազմաբնակարան շենքերը համարվել են պետական բնակարանային ֆոնդ, շենքում բնակարան կորցրած ընտանիքներին երկրաշարժից հետո տրվել է միայն գույքի փոխհատուցում, իսկ սեփական/անհատական տուն կորցրածներին տրվել է և՛ գույքի, և՛ տան՝ շենքի փոխհատուցում։ Բոլորը ստացել են, բայց ոչ բոլորն են հացրել այն օգտագործել․ Սովետական միության փլուզումից հետո դրամական փոխհատուցումները ռուբլու արժեքի հետ միասին փոշիացել են։ Դե յուրե, սակայն, այդ ընտանիքները համարվել են փոխհատուցված, ինչի պատճառով էլ դուրս են մնացել պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկից։
Քաղաքներում տուն կորցրածների կարգավիճակը, ըստ պաշտոնյայի, նույնական է գյուղական համայնքներում տուն կործրածների կարգավիճակի հետ, վերջիններս, սակայն, ներառվել են պետաջակցության ծրագրում՝ « գուղերի մարդաթափությունը կանխելու համար»։ Գյումրու բնակիչներն էլ են ներառվել՝ հավանաբար, բացառության կարգով, իսկ սպիտակցիները մնացել են ցուցակներից դուրս։
Որքանո՞վ էին իրավաչափ այն չափանիշները, որոնց հիման վրա 2008-ին սահմանվել է այդ ցանկը, Քաղշինության կոմիտեն, ըստ պաշտոնյանի, չի որոշում։ Կոմիտեն զբաղվում է միայն հաստատված ծրագիրն ավարտին հասցնելու հարցով, զուգահեռաբար ուսումնասիրելով շահառուների ցանկից դուրս մնացածների խնդիրները, որոնց նկատմամբ պետությունը նույնպես ունի փոխհատուցման պարտավորություն․ «Նույնիսկ կառավարության 432 որոշմամբ այդ մարդիկ պետք է հաշվառվեին․․․Առանձին ցուցակ կա, որոշակի փաստագրում կա, որի հիման վրա գիտենք, որ Սպիտակում այդ թիվը 500-ը հատում է, բայց հերթացուցակում հաշվառված չեն։ Օրենքով ամրագրված այդ խնդիրը կա, բայց ժամանակացույց, մշակված ծրագիր դեռևս չկա»։
Տնակների մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով, ճիշտ է, միայն Գյումրու տնակներին, վարչապետն «ձևակերպեց հրամայականը»՝ «Գյումրին պետք է ազատվի տնակներից»։ Վարչապետի խոսքերը դեկտեմբերի 7-ին կրկնեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցում էր Գյումրիում երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
«2020-ին լուծվելու է նաև տնակների խնդիրը: Կառավարությունը տրամադրել է 3 մլրդ դրամ, որ լուծվի այն մարդկանց բնակարանային խնդիրը, ում նկատմամբ պետությունը պարտավորություն ունի: Իսկ տնակների հարցը լուծելու երկու ճանապարհ կա․ այն անօթևանները, որոնք տարբեր պատճառներով չեն հերթագրվել ու չեն հայտնվել [երկրաշարժից տուժածների] հերթացուցակներում, բայց պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն ունի, նրանց խնդիրը պետք է նույն կերպ լուծվի, իսկ նրանք, որոնք կապ չունեն որևէ բանի հետ, ուղղակի պետք է տնակները ազատեն»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը։
Ոչ պիտանի շինություններ
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը խոսեց այն տների մասին, որոնք ժամանակին սեփականության իրավունքով տրամադրվել են որպես բնակփոխհատուցում, սակայն այլևս պիտանի չեն բնակության համար (Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտյա տնակները, Շիրակի մարզի Աշոցքը, Սպիտակ Իտալական թաղամասը և այլն):
Ըստ պաշտոնյաի, թեև այդ տների հարցը «անխոս, լուծման կարիք ունի», բայց ո՛չ աղետի գոտու բնակապահովման պարտականության շրջանակում․ «Ըստ էության, այդ խնդիրը ավելի նույնական է վթարային բնակֆոնդի, քան տնակների հետ։ Եվ ինչպես վթարային շենքերի դեպքում, այնպես էլ այստեղ՝ բնակֆոնդի թարմացման ճանապարհով է հնարավոր պատկերացնել հարցի լուծումը։ ․․․Ես անձամբ եղել եմ, բորբոսնած, վնասակար, էլ չեմ ասում՝ փթած և այլն տներ են։ Խնդիրը կա, օրակարգում է՝ մնացած վթարայինների հարցերի հետ»։
Այս տարի 20-22 թվականների միջնաժամկետ հատվածում բյուջեից միջոցներ են նախատեսվել Գյումրի, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5 բազմաբնակարան շենքի (3՝ Գյումրիում, 1՝ Վանաձորում, 1՝ Սպիտակում) կառուցման համար (ինչի շնորհիվ կլուծվի նվազագույնը 100 ընտանիքների բնակարանային խնդիրը), ինչպես նաև՝ Շիրակի մարզպետարանի կողմից բարձրացված հարցի հիման վրա չորս վթարային շենքերի խնդրի լուծման մասով արդեն կան հանձնարարականներ և մշակվում է կառավարության որոշման համապատասխան նախագիծ 20 թվականին այս ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ։
Վթարային բնակֆոնդի թարմացման շրջանակներում երբ հերթը կհասցնի երկրաշարժից տուժած և բնակության համար այլևս ոչ պիտանի բնակարան ստացած ընտանիքներին՝ պարզ չէ։ Վթարային ֆոնդի հարցը, ըստ պաշտոնյայի, ավելի բարդ է և բազմաշերտ, լուծվելու՝ քայլ առ քայլ, հերթով։