10 երեխաների մայր գյումրեցի Ալվարդ Ծառուկյանը բնակարան է խնդրել իշխանություններից, սակայն մերժվել է։ Այս մասին գրում է «Ասպարեզ» օրաթերթը՝ նշելով, որ ընտանիքն արդեն 11 տարի ապրում է խոնավ ու քայքայված տնակում։
Թերթի հաղորդմամբ, բազմանդամ անօթևան ընտանիքը դեռևս անօթևանի կարգավիճակ չունի։ Ծառուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին նամակ է գրել՝ բնակարան ստանալու խնդրանքով, սակայն մերժման պատասխանը ստացել է Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանից։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «․․․ Գյումրիում իրականացվում է միայն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը․․․ Ներկայումս Շիրակի մարզում 9 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների համար ՀՀ պետական բյուջեով բնակարանային ապահովման որևէ ծրագիր նախատեսված չէ, ուստի ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել»։
«Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ բազմանդամ ընտանիքն առաջին անգամ չէ, որ նամակ-խնդրանքներով դիմում է իշխանություններին, սակայն միշտ մերժում է ստանում։
Ծառուկյանների ընտանիքի հայրը մահացել է 5 տարի առաջ՝ երկարատև հիվանդությունից։ Կինն ապրում է 7 երեխաների հետ, որոնցից 3-ը անչափահաս են։ Երեխաներից երկուսը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանք փնտրելու, մյուսը՝ ամուսնացած է։ «Ասպարեզ»-ը նշում է, որ տղաներից մեկը բանակ չի զորակոչվել առողջական խնդիրների պատճառով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Asparaz.am կայքից