1988 թվականի երկրաշարժից հետո որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ։ Դա պարզվել է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում։
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայցրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ։
Մասնավորապես, մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ ստացած քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են։
ՀՀ դատախազության հաղորդմամբ՝ տվյալներ են ստացվել նաև, որ մի քանի շենքերի՝ տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր բնակարաններ: Նաև պարզվել է, որ համապատասխան տարածքներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է ապամոնտաժված լինեին:
Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. մայիսի 3-ին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովում տարբեր տարիներին ընդգրկված 4 պաշտոնատար անձանց.
2009 թվականից Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող Տ.Հ.-ին (երեք դրվագ),
2012թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 21-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Դ.-ին՝ (մեկ դրվագ),2010թ. օգոստոսի 2-ից մինչև 2013թ. նոյեմբերի 15-ը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցրած Լ.Հ.-ին՝ (երեք դրվագ),
2002թ. մինչև 2017թ.Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետ Ա.Ի.-ին (երեք դրվագ):
Մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ որպես Գյումրի համայնքի տնակների ապամոնտաժման և տարածքների ազատման փաստը հավաստող մշտական հանձնաժողովի անդամներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ 2011թ մարտ և հունիս ամիսներին, 2013թ. հունվար ամսին, միմյանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տարածքի ազատման ակտերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկատվություններ և, կազմելով կեղծ փաստաթղթեր, դրել շրջանառության մեջ՝ հանձնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: