Շիրակի մարզի Ջրառատ և Բասեն համայնքների բնակիչները բողոքում են համայնքային խոշորացման դեմ։ Նրանց խոսքով՝ Կառավարության առաջ քաշած ծրագիրը ոչ միայն չի լուծի համայնքի խնդիրները, այլև դրանք ավելի աչքաթող կարվեն դրանք։ Խոշորացման դեմ բողոքող բնակիչները մտադիր են հանդիպել անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մարզային «Ցայգ» հեռուստաընկերությունը ներկայացրել է բնակիչների մտահոգությունները։
«Մեծական խոսք է՝ ամեն մարդ կրակը պետք է իր բաղաջի տակը կքաշի։ Կյանքում մեծ համայնքները չեն մտածի փոքրերի մասին։ Առաջնահերթ կմտածեն իրենց մասին, նոր մեր մասին», -տեսանյութում պատմում է Ջրառատի բնակիչներից մեկը։
Գյուղացիների խոսքով՝ ավելի հարուստ համայնքներն իրենց համայնքային բյուջեից ջրառատցիներին բաժին չեն հանի, իսկ իրենց գյուղը այդքան չունի «որ նրանց փոխարենը տա։ Մենք ուզում ենք՝ մեր համայնքով մնալ, մեր յուղով տապակվենք։ Ջրառատցու խնդիրները, միայն ջրառատցիները կհասկանան»։
Ջրառատցիները խոշորացման վատ փորձն արդեն ունեն։ Տասնամյակներ առաջ իրենց գյուղին միացված հարևան համայնքի տեղն էլ չի երևում։
«Մեր գյուղից վերև էլի գյուղ է եղել, կոչվել է Խանվալի, 53 թվականի Կառավարության որոշմամբ միացվել է մեր գյուղին։ Արդեն 56 թվականին այդտեղ ո՛չ բնակիչ է եղել, ո՛չ շինություն», -նշել է բնակիչներից մեկը։
Միավորման մասին չեն ուզում լսել նաև Բասենում․ «Համայնքով քննարկել ենք, մենք չենք ուզում խոշորացում էղնի»։
Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ օրինակելի չէ խոշորացված համայնքների նախադեպը, դրական տեղաշարժ չկա։
Նշենք, որ 1000 բնակիչ ունեցող Ջրառատը և 1650 բնակիչ ունեցող Բասենն ըստ ծրագրի միանալու են 9000 բնակիչ ունեցող Ախուրյանին։
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում.