Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիքներ բնակարանի սերտիֆիկատ կստանան, իսկ երկրաշարժից տուժածների խնդիրը վերջնականապես կլուծվի մինչև 2020 թվականի ավարտը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստում որոշում է ընդունել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 227 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ: 227 ընտանիքների (121-ը՝ Լոռու, 90-ը՝ Շիրակի և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում) բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում դեռևս լուծման կարիք ուներ ծրագրի շահառու ճանաչված 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ ընտանիքների շրջանում 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է հարցում՝ նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ: Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը (121-ը՝ Լոռու, 90-ը՝ Շիրակի և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում) նախընտրել է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը: 227 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1.291,6 մլն. դրամ:
«Գուցե մյուս շահառուները ևս վերանայեն իրենց որոշումը, իսկ եթե ոչ, ապա կառավարությունը պատրաստ է նրանց համար բնակարան կառուցել։ Երկրաշարժից տուժածների բնակապահովման խնդիրը կլուծվի մինչև 2020 թվականի տարեվերջ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։