Քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային ինստիտուտում աշխատանքային և ստեղծագործական ծրագրերի նոր մեկնարկ է լինելու:
Թանգարանի տնօրեն Ռուբեն Արևշատյանի (նկարում) փոխանցմամբ՝ թանգարանի հավաքածուի տարբեր հատվածների ցուցադրությունները սկսվելու են Փամբակյան ֆոնդից ներկայացվող՝ վաղ միջնադարյան ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսով:
Սակայն ընթացիկ ցուցահանդեսերից բացի՝ տարին նշանավորվելու է երեք խոշոր ցուցահանդեսներով, որոնք անցկացվելու են` «Վաղվա քաղաք», «Երևան` քաղաք-պարտեզ», «Միքայել Մազմանյան» խորագրերով:
«Վաղվա քաղաք»՝ հունիսին սպասվող միջազգային ցուցահանդեսը նվիրված է լինելու սովետական մոդեռնիզմին։ Այդ ցուցահանդեսը շարունակությունն է 2000-ականների սկզբից մեկնարկած՝ խորհրդային արդի ճարտարապետությունն ուսումնասիրող հետազոտական նախագծի, որը հիմք հանդիսացավ սովետական մոդեռնիզմին նվիրված մի քանի նշանակալի միջազգային ցուցահանդեսների և գիտաժողովների, որոնց թվում էին Վիեննայի, Ստամբուլի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Մոսկվայի ցուցահանդեսները և գիտաժողովները։
«Վաղվա քաղաք» ցուցահանդեսի համադրողներ Ռուբեն Արևշատյանը (ՃԹԻ, Երևան), Աննա Կացը (MOMA, Նյու Յորք), Գեորգ Շյոելհամերը (transit.at, Վիեննա) ներկայացնելու են խորհրդային ճարտարապետության ֆորմալ և կոնցեպտուալ փոխակերպումները՝ 20-րդ դարի արդի շարժման գլոբալ պատմության համատեքստում։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Գյոթեի ինստիտուտի օժանդակությամբ, և Երևանում տրված մեկնարկից հետո՝ երեք տարվա ընթացքում շրջելու է նախկին խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներով: «Ճարտարապետության միջոցով ներկայացնելու ենք հասարակության փոխակերպման պատմությունը», – թանգարանի տնօրենը խոսում է սկզբունքի մասին, որը կիրառվել է Վիեննայում, Ստամբուլիում, Սան Պաուլոյում անցկացված ցուցադրությունների մեջ: Ցուցահանդեսում ճարտարապետության կողքին ներկայացվելու են արվեստի այլ ձևեր, արխիվային նյութեր, որոնց միջոցով բացահայտվելու է խորհրդային արդի նախագծի և հասարակության բարդ, հակասություններով լի, սակայն վերին աստիճանի հարուստ և հետաքրքիր պատմությունը։
«Երևան` քաղաք-պարտեզ»՝ այս ցուցահանդեսի շուրջ թանգարան-ինստիտուտն այժմ անց է կացնում ծավալուն հետազոտություն՝ համագործակցելով բազմաթիվ թանգարանների և արխիվների հետ։ Ցուցահանդեսը պատմելու է Երևանի այգիների, կանաչ գոտիների, հանրային տարածքների ձևավորման և փոխակերպումների պատմությունը՝ անդրադառնալով միաժամանակ հասարակության կազմակերպմանն առընչվող խնդիրներին, որոնք փոփոխության էին ենթարկվում տարբեր-տարբեր հասարակա-քաղաքական, ինչպես նաև տնտեսական համատեքստերում՝ արտացոլվելով հանրային տարածքների և մասնավորապես այգիների տարածական կազմակերպման փիլիսոփայության մեջ։
«Միքայել Մազմանյան» խորագրով՝ աշնանը նախատեսված ցուցահանդեսը նվիրված է լինելու ճարտարապետի 120-ամյակին: Այս պահին ճարտարապետի ընտանիքի աջակցությամբ՝ թանգարանի ֆոնդը համալրվում է Միքայել Մազմանյանի մեծ արժեք ներկայացնող անձնական արխիվով: Ցուցահանդեսը կոչված է լրացնելու խորհրդային ուշ ավանգարդի տեսական դիսկուրսների ձևավորման մեջ Մազմանյանի ունեցած կարևորագույն դերակատարման բացը, ինչը, թերևս կարելի է ասել նաև Գևորգ Քոչարի և Կարո Հալաբյանի մասին: Թանգարանն իր հետագա ծրագրերում և հետազոտություններում լուրջ տեղ է հատկացնելու պատմական բացերը լրացնելու և բազմաթիվ ականավոր, սակայն լայն հանրությանը քիչ հայտնի ճարտարապետների ստեղծագործությունները ներկայացնելու գործին։
Թանգարան-ինստիտուտում շատ շուտով կսկսի գործել նոր կազմակերպված «դիսկուրսիվ հարթակը», որը հանրային քննարկումների և դասախոսությունների միջոցով կանդրադառնա պատմական, տեսական, ինչպես նաև ժամանակակից հայկական և համաշխարհային ճարտարապետության և քաղաքաշինության մեջ առկա արդիական թեմաներին և խնդիրներին։
աղբյուր՝ քաղշին կոմիտեի մամուլի ծառայություն