Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն այսօր պայթեցվելու է՝ ապամոնտաժման նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պայթեցումը նախատեսվում է իրակնացնել 15.30-ին, որի ժամանակ դադարեցվելու է երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։
Նախարարության հայտարարությունը վրդովմունք է առաջացրել քաղաքի ճարտարապետական տեսքի և բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվիստների շրջանում, ովքեր պայթեցումը կանխելու համար այսօր մտադիր են պիկետ անցկացնել Կրկեսի շենքի մոտ:
Ճարտարապետ Մարինա Պարազյանը Epress.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ Կրկեսի շենքի պայթեցման մասին քաղաքապետարանի ծրագրերի գաղտնի պահելը կարող է հանգեցնել այն նրան, որ այն արժանանա Երիտասարդության պալատի ճակատագրին: Հիշեցնենք, որ պալատը քանդվել է 7 տարի առաջ, տարածքը վաճառվել «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանին, իսկ նոր շենք այդպես էլ չի կառուցվել:
«Երբ նման ծավալի և նշանակության շենքը որոշում են քանդել, պետք է նախ հանրային լսումներ լիենեն, նոր նախագիծը ներկայացվի: Սեյսմիկ եզրակացություն լինի՝ արդյոք կարելի է միանգամից պայթեցնել շենքը, և դա վնաս չի հասցնի հարակից սեփականություններին: Այս և շատ այլ տվյալներ չկան, և միայն տեղեկացնում են, որ պայթեցվելու է շենքը»,- ասել է Մարինա Պարազյանը:
Ճարտարապետը նկատել է, որ հարկի հոգատարություն չկա նույնիսկ պատմամշակութային կոթողները ոչնչացնելու հարցում, հետևաբար Կրկեսի շենքին նման կերպ վերաբերելը անսպասելի չէր, թեև ցանկացած ճարտարապետական նախագիծ, որը միջավայրի փոփոխություն է բերում, պետք է ծրագրված հանրային հավանություն ստանա:
Լուսանկարը՝ dominoefect.am-ի