Չեռնոբիլի մեկուսացման գոտու հրդեհի բոլոր օջախները լիկվիդացված են։ Այս մասին երեկ թվիթեռի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
Նախարարի խոսքով, այս պահի դրությամբ մեկուսացման գոտում հրդեհի ակտիվ օջախ չկա։ Աշխատանքներ են տարվում տորֆաճահիճների նեխումը կանխելու ուղղությամբ։
Չեռնոբիլ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական մրցանակներ է հանձնել ատոմային էլեկտրակայանին հարակից մեկուսացման գոտու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած 22 փրկարարների։ Նա ուղղաթիռով շրջել է այրված հատվածներում, որից հետո իր երախտագիտությունն է հայտնել տեղում աշխատած բոլոր հրշեջներին, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալ ենք ձեր ահռելի աշխատանքի համար։ Ուղղաթիռի բարձրությունից մենք տեսանք ձեր հսկայական աշխատանքի իրական արդյունքը։ Դուք մեզ համար հերոս եք», – ասել է Զելենսկին։
Հրդեհի հետևանքով ավելի քան 11 հազար հեկտար անտառներ են վառվել։
Ուկրաինայի էկոլոգիական տեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհի հետևանքով տարածաշրջանում ռադիացիայի մակարդակի աճ է նկատվել։ Տեսչության նախագահ Եգոր Ֆիրսովի խոսքով, հրդեհի պատճառը այրվող խոտն է եղել, որը շուտով հասել է ծառերին։