Չեռնոբիլի մեկուսացման գոտու հրդեհները, որոնք չի հաջողվում հանգցնել արդեն տասը օր, մոտենում են Պրիպյատ քաղաքին։ Այս մասին հայտնում է Chornobyl Tour-ի տնօրեն և չեռնոբիլյան զբոսաշրջային գործակալությունների ասոցացիայի ղեկավար Յարոսլավ Եմելյանենկոն։
Նրա խոսքով, հրդեհն արդեն հասել է Պրիպյատի մոտ գտնվող Յանովի երկաթգծի կայարանին։
«Ցավոք, կրակը հասել է Յանովի կայարան ու շարժվում է դեպի Պրիպյատ», – ֆեյսբուքի իր էջում գրում է Եմելյանենկոն։
«Կրիտիկական իրավիճակ է։ [Մեկուսացման] գոտին ծխում է։ Տեղական իշխանությունները զեկուցում են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, իրականում հրդեհը նոր տարածքներ է գրավում։ Այժմ կրակը հասել է Պրիպյատ և գտնվում է «Պոդլեսնի» ռադիոակտիվ թափոնների պահոցից 2կմ հեռավորության վրա։ Այդտեղ են գտնվում Չեռնոբիլի գոտու և հենց Չեռնոբիլի ատոմակայանի ամենավտանգավոր ակտիվ ռադիացիոն թափոնները», – ընգծում է նա։
«Մտեք կառավարության և պրոֆիլային գերատեսչությունների էջեր․ իրենց մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է։ Այստեղ վառվում է, այնտեղ վառվում է, բայց ամեն ինչ նորմալ է։ Ես երկու տարբերակ ունեմ․ կամ կառավարությանը չեն զեկուցում իրական վիճակը, կամ նրանք ընտրել են խորհրդային իշխանությունների լռության քաղաքականությունը, ինչպես 86 թվականին», – գրում է Եմելյանենկոն, նշելով, որ կամավորների ու լրագրողների մուտքը հրդեհի գոտի արգելված է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տվյալներ չի ներկայացնում։ Նշում են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Մեկուսացման գոտում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 390 հրշեջ և 90 միավոր տեխնիկա։
Փրկարարները հավաստիացնում են, որ ռադիացիոն ֆոնը Կիևում և Կիևի մարզում նորմայի սահմաններում է և չի գերազանցում բնական ֆոնային արժեքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հաղորդագրություն էր տարածվել, որի համաձայն Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում շուրջ 20 հեկտար մակերեսով անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է հրշեջ ավիացիան։ Փրկարար ծառայության աշխատանքներին խոչընդոտում է բարձր ռադիացիոն ֆոնը։
Ապրիլի 6-ին Կիևի մարզի ոստիկանությունը հայտնեց, որ բերման է ենթարկել հրդեհի հարուցման մեջ մեղադրվող Ռագովկա գյուղի 27-ամյա բնակիչը։ Նա ոստիկաններին պատմել է, որ զվարճանալու համար մի քանի տեղերում աղբ և խոտ է վառել, որից հետո կրակն արագորեն տարածվել է և ինքն այլևս չի կարողացել հանգցնել այն։