2019 թվականի սեպտեմբերին տարածված և վերջին շաբաթներին նոր թափ առած հրդեհները Ավստրալիայում ոչնչացրել են շուրջ 6․5 միլիոն հեկտար տարածք, ինչն ավելին է, քան անցյալ տարվա հրդեհների արդյունքում այրված Սիբիրի և Ամազոնի անտառների հանրագումարը և մոտ երկու անգամ գերազանցում է Հասատանի ողջ տարածքը։
Հրդեհների հետևանքով Ավստրալիայում զոհվել է առնվազն 25 մարդ։ Նախնական տվյալներով՝ միլիոնավոր կենդանիներ (շուրջ կես միլիարդ կաթնասուններ, թռչուններ և սողուններ) մնացել են կրակի մեջ, ոչնչացել է ավելի քան 2500 շինություն, դրանցից մոտ 1300-ը՝ բնակելի տներ:
Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Ափամերձ տարածքների բնակիչները տարհանվում են։ Անտառային հրդեհներից առաջացած ծուխը տարածվում է երկրով մեկ․ Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը:
Ըստ տեղի իշխանությունների, մոբիլիզացվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսները, հրշեջներից բացի՝ հրհրդեհների դեմ պայքարում ներգրավվել են նաև պահեստազորի զինվորականները և կամավորները։ Հրդեհները մարել կամ մեկուսացնել, սակայն, հիմնականում չի հաջողվում։ Կրակը արագ տարածվում է ուժեղ քամու և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով:
Հրդեհված մասերում հունվարի 4-5-ին անձրև է տեղացել, ջերմաստիճանը նվազել է, ինչը ժամանակավոր հանդարտացրել է իրավիճակը և նպաստել վտանգավոր շրջանների բնակիչների տարհանման աշխատանքներին։ Պաշտոնյաները, սակայն, նախազգուշացնում են՝ մի քանի օրից հրդեհները կրկին «կբռնկվեն»:
Մրախառը անձրևները տեղացել են արևելյան ափերին՝ Սիդնեյից մինչև Մելբուռն, իսկ Նոր Հարավային Ուելսի որոշ հատվածներում սպասվում է «հորդառատ» անձրև: Բայց մինչև հինգշաբթի, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը նորից կբարձրանա։ «Ուրախանալու տեղ չկա», – նախազգուշացնում է ՆՀՈՒ նահանգի ղեկավար Գլադիս Բերեջիկլյանը: Ջերմաստիճանի բարձրացումից հետո իրավիճակը սրվելու է․ հունվար-փետրվար ամիսները Ավստրալիայում, սովորաբար, լինում են ավելի շոգ և ավելի չոր։
Աղբյուրը՝ MyFireWatch ինտերակտիվ քարտեզ։
Հրդեհ՝ կայծակից և կայծակ՝ հրդեհից
Երկրի օդերևութաբանական գրասենյակի հաղորդմամբ, հրդեհները հասել են այնպիսի ծավալների, որ արդեն ինքնուրույն են ձևավորում կրակի հետագա տարածմանը նպաստող բնական պայմաններ։
Կրակով բռնված հսկայական տարածքներում գոյացել է ցածր ճնշման շրջան, որը տաք օդի հետ միասին մթնոլորտ է բարձրացնում ծխի քուլաները՝ 10-ից 50 կիլոմետր բարձրությամբ, և ցրում դրանք մեծ շառավղով։
Մթնոլորտի բարձր շերտերում սառչելով՝ ծուխը վերածվում է հզոր անձրևաբեր ամպերի՝ ամպրոպի մեծ պոտենցիալով։ Դրանցում գոյացող էլեկտրական լիցքերը հանգեցնում են կայծակների առաջացման, որոնք իրենց հերթին նոր տարածքների հրդեհման պատճառ են դառնում։
1. ծխի քուլաները, 2․ ծուխը սառում է, 3․ ձևավորվում է ամպ, 4․ կարող է ձևավորվել ամպրոպ,
5․ վարընթաց օդային հոսանք, 6․ կայծակ։ Աղբյուրը՝ Ավստրալիայի օդերևութաբանական գրասենյակ։
Այնուամենայնիվ՝ գլոբալ տաքացման պատճառով
Հրշեջ ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության 23 նախկին ղեկավարներ դեռևս 2019 թվականի ապրիլին՝ լայնամասշտաբ հրդեհների բռնկումից ամիսներ առաջ, նամակ էին հրապարակել, որով նախազգուշացնում էին կառավարությանը «եղանակային ցուցանիշների աճող աղետայնության մասին» և հանդիպում պահանջում։ Կառավարությունը, սակայն, հանդիպումից հրաժարվում է։
Անտեսվում է նաև Ավստրալիայի օդերևութաբանական գրասենյակի կլիմայական վիճակագրության 2018 թվականի զեկույցը, համաձայն որի ջերմաստիճանային փոփոխությունները ծայրահեղ ցուցանիշներ են գրանցել և մեծացրել բնական աղետների, մասնավորապես՝ երաշտի, խստությունը։
Ստեղծված իրավիճակի նախադրյալներն, այսինքն, կային․ մասնագետներն առաջին անգամ չէ, որ նախազգուշացնում և անպատասխան կոչեր են անում՝ ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան խուսափել կամ գոնե մեղմել հնարավոր հետևանքները։
Գիտության մեջ գերակշռող կոնսենսուս կա, որ ածխաթթու գազի բարձրացող մակարդակը անխուսափելիորեն հանգեցնում է գլոբալ տաքացման, որի հետևանքներից են նաև հրդեհները։ Մոլորակի ջերմաստիճանը անշեղորեն բարձրանում է և, ամենայն հավանականությամբ, կշարունակի բարձրանալ։ Առավել մտահոգիչ ցուցանիշներ են գրանցվում Արկտիկայում։ Տաքացումն ամենածանր կերպով ազդում է Ավստրալիայի վրա։
Դեկտեմբերի 29-ի ջերմաստիճանային ցուցանիշները ռեկորդային էին երկրի պատմության մեջ․ միջին ջերմաստիճանը Ավստրալիայի տարբեր շրջաններում տատանվում էր 39-ից 45 աստիճանի սահմաններում։
Թեև հրդեհները այտեղ եղանակային ցիկլի բնական մասն են կազմում, օդերևութաբանական գրասենյակը վաղուց նախազգուշացնում է, որ կլիմայական փոփոխությունները առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում հրդեհների հաճախության և ինտենսիվության համար։ Եղանակային արտակարգ ցուցանիշները՝ բարձր ջերմաստիճան, ցածր խոնավություն, մեծացնում են անվերահսկելի հրդեհների բռնկման ու տարածման ռիսկերը։