Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշմամբ, Ալեքսեյ Գոնչարուկի կառավարությունը, որն աշխատել էր ընդհամենը կես տարի, պաշտոնանկ է արվել։ Նոր վարչապետը Դենիս Շմիգալն է, ով Գոնչարուկի գրասենյակում փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում։
Գոնչարուկի հրաժարականի մասին շշուկներն Ուկրաինայում շրջանառվում էին արդեն մի քանի շաբաթ։ Ինքը՝ վարչապետը, մինչև վերջին օրը լավատեսական էր տրամադրված ու հավաստիացնում էր լրագրողներին, որ իր և իր թիմի քաղաքական ապագայի մասին խորհրդատվությունները շարունակվում են։
Ուկրիանական ԶԼՄ֊ները հաղորդում էին հարցազրույցների մասին, որոնք իբր անց էին կացվում վարչապետի պոտենցիալ թեկնածուների հետ։
Գոնչարուկն Ուկրաինայի ամենաերիտասարդ վարչապետն էր, «Վարչապետի բաժակը» վիդեոբլոգի հեղինակը։ Կառավարության շենքի միջանցքում էլեկտրական ինքնագնացով էր տեղաշարժվում։ Զելենսկու կադրային քաղաքականության մարմնավորումն էր։
Պաշտոնանկության պատճառները մի քանիսն էին։
Արդեն մի քանի ամիս շարունակ Ուկրաինայում արդյունաբերական արտադրության ծավալների նվազում էր նկատվում։ Բյուջեի չլրացման մասշտաբներն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմում էր շուրջ 16 մլրդ գրիվնա (շուրջ 300 մլրդ դրամ)։ Այդ ֆոնին, հետագա հինգ տարիների ընտացքում 40 տոկոս տնտեսական աճ ապահովելու կառավարության խոստումն ավելի քան անիրատեսական էր թվում։
«Մենք անընդհատ տնտեսական ցատկի մասին էինք լսում, բայց տպավորություն է, որ տնտեսությունը թափ է հավաքել, հետո սայթաքել ու դեմքով գետնին ընկնելու վտանգի տակ է», – չորեքշաբթի օրվա իր խորհրդարանական ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանությունը մի քանի փիար ձախողումներ է գրանցել։
Երկրում դժգոհության մեծ ալիք էր առաջացրել կառավարության աշխատակիցներին տրված տեղական մասշտաբներով հասկայական պարգևավճարների մասին լուրը։ Նաև, կառավարության ոչ պատշաճ բացատրական և իրազեկող աշխատանքներն էին պատճառը, որ մարդիկ այդքան բուռն արձագանքեցին Չինաստանից տեղափոխվող Ուկրաինայի քաղաքացիների վերաբնակեցմանը։
Բի֊բի֊սի֊ի կառավարամերձ աղբյուրների պնդմամբ, կառավարության վերաֆորմատավորման կարևոր պատճառներից էր նաև Զելենսկու շրջապատում ազդեցության շրջանակների միջև պայքարը։
Գոնչարուկի դիրքերը խարխլվեցին նրա հովանավորը համարվող Անդրեյ Բոգդանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո։
Խորհրդարանական արտահերթ նիստի ժամանակ Զելենսկին ասաց․ «Սա նոր դեմքերի կառավարություն է, բայց այդպիսիք քիչ են։ Նոր ուղեղներ ու նոր սրտեր են պետք»։
Հարկ է խոսել նաև Զելենսկու կադրային քաղաքականության կտրուկ փոփոխությունից։ Վերջերս տված հարցազրույցում նա նշեց, որ կառավարությունում «փորձ ու տարբեր ոլորտների մասին հստակ պատկերացում ունեցող» մարդկանց պակաս կա։ Նախագահը հակված է հրաժարվել երիտասարդ, անփորձ բայց «հին սխեմաների» հետ կապ չունեցող կադրերի ընտրությունից։ Չորեքշաբթի օրվա խորհրդարանական ելույթում Զելենսկին պատմեց, որ երբեմն ստպված է լինում ճգնաժամային մենեջերի կամ դայակի դեր տանել որոշ նախարարությունների համար։
Վերջին վիճակագրական տվյալները ցույց էին տալիս, որ Գոնչարուկի կառավարությանը վստահում էր բնակչության շուրջ 28 տոկոսը՝ նախորդ տարվա սեպտեմբերի 57 տոկոսի փոխարեն։ Հարցումների համաձայն, բնակչության միայն մեկ քառորդն է կարծում, որ երկիրը զարգացման ճիշտ ուղով է ընթանում։ 2019-ի սեպտեմբերին հարցվածների 57 տոկոսը հավանություն էր տալիս ընտրված քաղաքական կուրսին։ Նկատելիորեն ընկել է նիաև Զելենսկու վարկանիշը, ով, միևնույն է, մնում է հիպոթետիկ նախագահական ընտրությունների հավանական հաղթողը։
Իշխանությունը, որը բազմիցս հայտարարել էր, որ հիմնում է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վրա, չէր կարող ուշադրություն չդարձնել վիճակագրական նման պատկերին։ Այդ տեսանկյունից, Գոնչարուկի կառավարության պաշտոնանկությունը դիտարկվում է որպես Զելենսկու՝ իր հետ ասոցացվող բացասական իմիջից ազատվելու փորձ։
Նոր վարչապետ Դենիս Շմիգալի անունն ասոցացվում է ուկրաինական օլիգարխ Ռինատ Ախմետովի հետ, ով վերջերս մտերմացել է նախագահ Զելենսկու հետ։