Թբիլիսիում ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի թանկացման դեմ երեկվա հերթական ակցիան ավարտվել է ձերբակալություններով, հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը։
Ավտոսեփականատերերը պահանջում են իջեցնել բենզինի ակցիզների դրույքը։ Ցույցի մասնակիցները նշում էին, որ Վրաստանի իշխանություններն արդեն բավականին երկար ժամանակ անտեսում են իրենց բողոքի ակցիաները։ Ցույցի կազմակերպիչները Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գարիբաշվիլիի հետ հանդիպում են պահանջում։
Ավանդական դարձած ավտոերթից հետո վարորդները փորձում էին փակել դեպի Թբիլիսիի օդանավակայան տանող հիմնական ճանապարհը՝ Կախաթիի մայրուղին։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ փողոցի երթևեկելի մասը չփակելու հորդորներն անպատասխան էին մնում։ Ոստիկանների հետ բախումների արդյունքում ձերբակալվել է նվազագույնը երեք վարորդ։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել իրավապահ մարմնի ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով։
Այս պահին մայրուղու երթևեկելի գոտին բաց է։ Ակցիան ավարտված է։
Վառելիքի թանկացման դեմ բողոքի ակցիաները Թբիլիսիում և այլ քաղաքներում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Այսօր վարորդները հավաքվել էին նաև Քութաիսիում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։