Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են առաջիկա երկու շաբաթների ընթացքում բողոքի ցույցեր իրականացնել կառավարական տարբեր գերատեսչությունների շենքերի դիմաց՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱՇԿ) նախագահ Նիկա Մելիայի ազատ արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։ Գործողությունների պլանը կազմվել է այսօր՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի շրջանակներում, գրում է «Նովոստի Գրուզիան»։
ՄԱՇԿ արաջնորդներից Խաթիա Դեկանոիձեն հայտարարել է, որ կուսակցության դաշնակիցները մտադիր են օգտագործել օրինական բոլոր միջոցներն իրենց նպատակին հասնելու համար։ Երեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են պիկետավորել խորհրդարանի շենքը, մարտի 5-ին՝ Կառավարության տունը։ Մարտի 8-ին նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել ներքին գործերի նախարարության մոտ․ այս կառույցը, Դեկանոիձեի պնդմամբ, ծառայում է բացառապես Բիձինա Իվանիշվիլիի շահերին։ Մարտի 11-ի հանրահավաքը կկազմակերպվի «ռեժիմի գլխավոր սիմվոլի»՝ դատարանի շենքի դիմաց։ Մարտի 13-ին ընդդիմությունը մեծ ակցիա֊երթ է նախատեսում Թբիլիսիի կենտրոնում։
Ընդդիմության առաջնորդները զգուշացնում են, որ բողոքի ալիքը չի կանգնելու, քանի դեռ չի հայտարարվել արտահերթ ընտրությունների օրն ու ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները։ «Ռեժիմը պետք է լսի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը», – հայտարարել է Դեկանոիձեն։
Ուժային կառույցներն ուժեղացրել են պետական նշանակության շենքերի անվտանգության ապահովման միջոցները։ Ոստիկանները շրջափակման մեջ են պահում Կառավարության տունը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ աշխատակիցները «Միացյալ ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելիային ձերբակալել էին փետրվարի 23-ին՝ կուսակցության գլխավոր շտաբի վրա ոստիկանական գրոհի արդյունքում։ Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել էր ընդդիմադիր գործչին ազատազրկման դատապարտել՝ 2019 թվականի հուլիսին անկարգություններ կատարելու համար սահմանված 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) տույժը չվճարելու համար։ Հակակառավարական ուժերը սա որպես քաղաքական մոտիվներով հետապնդում են որակում։ Արևմուտքը ևս վրդովված է։
Մելիայի ազատազրկման թեմայով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում առաջացած տարաձայնությունների արդյունքում վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ազգային շարժման առաջնորդը ձերբակալվել է Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության հաստատումից ժամեր անց։