Վրացական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գրասենյակն ու բերման ենթարկել կուսակցության նախագահ Նիկա Մելիային։ Ոստիկանական օպերացիայի շրջանակներում գազապղպեղ է կիրառվել։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, ձերբակալվել է ավելի քան 20 քաղաքացի։
Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը՝ Իրակլի Գարիբաշվիլիի վարչապետությամբ։ Ըննդիմադիր ուժերը ենթադրում էին, որ Մելիայի կալանավորումը նոր վարչապետի առաջին քայլերից կլինի։
«Չնայած նախարարության կոչերին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չէին հնազանդվում ոստիկանների օրինական պահանջին ու դիմադրում էին։ Իրավապահները համաչափ ուժ և օրենքով սահմանված հատուկ միջոցներ են գործադրել իրենց պարտականություններն իրականացնելու համար», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց դաշնակիցները քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ փողոց։ «Գարիբաշվիլին փորեց իր և Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական գերեզմանը։ Այս ամենը շուտով կավարտվի։ Նիկա Մելիան ազատության մեջ կլինի, ու մենք կհաղթենք», – լրագրողների հետ զրույցում ասել էր «միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին։
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան Մելիայի ձերբակալությունը որպես խայտառակություն է որակել: «Փետրվարի 23-ին չէր կարող ավելի խայտառակ բան տեղի ունենալ, քան ընդդիմադիր կուսակցության գրասենյակի գրոհն ու կուսակցության առաջնորդի ձերբակալությունը։ Սա կհանգեցնի Վրաստանի օտարմանը արևմտյան աշխարհից», – ասվում է օմբուդսմենի պաշտոնական հայտարարությունում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Մելիայի կալանավորումը «օրինակելի գործողություն» է համարում։ Կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հատուկ շնորհակալական ուղերձ է հղել ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ ձերբակալությունն առանց անհամաչափ ուժի կիրառման իրականացնելու համար։
Նոր կառավարությունը
Երեկ Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստի շրջանակներում վստահության քվե ներկայացրեց Իրակլի Գարիբաշվիլիի կառավարությանը։
Գախարիայի կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գարիբաշվիլին նախկինում երկու տարի՝ 2013-ի նոյեմբերից մինչև 2015-ի դեկտեմբեր, զբաղեցրել էր Վրաստանի նախագահի պաշտոնը։
Կառավարության հաստատման համար անհրաժեշտ էր պատգամավորների մեծամասնության քվեն, այսինքն՝ նվազագույնը 76 ձայն։ Արտահերթ նիստին ներկա 91 պատգամավորներից 89-ը կողմ էին Գարիբաշվիլիի կառավարությանը, ևս 2-ը՝ ձեռնպահ։
Նորընտիր խորհրդարանում մանդատ ստացած ընդդիմադիրների մեծամասնությանը երեկվա քվեարկությանը չի մասնակցել։ Ընդդիմության ներկայացուցիչներն առհասարակ չեն ընդունում 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներն ու հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանի կազմում։
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիաի հրաժարականի ու դրա պատճառների մասին կարելի է կարդալ այստեղ։
Նոր վարչապետի մասին
Գարիբաշվիլին համարվում է Բիձինա Իվանիշվիլիի ամենահավատարիմ կադրերից։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն ու նախկին նախագահն է։ Ընդդիմության պնդմամբ, հենց նա է Վրաստանի ոչ պաշտոնական և միանձնյա ղեկավարը։
Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները կարծում են, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին Գարիբաշվիլին վատագույն ընտրությունն էր իշխող կուսակցության համար։ Նոր վարչապետն իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում աչքի է ընկել իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին ագրեսիվ հռետորաբանությամբ։ Բազմիցս հրապարակայնորեն ասել է, որ իր քաղաքականության գլխավոր ուղղությունը ընդդիմությանը հետապնդելն է։