Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից։ Այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված բաց նամակում։
Իվանիշվիլին նշում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում իր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը «կապահովի Վրաստանի պատմության նոր փուլի հիմքերի ամրապնդումը։ Կուսակցության հաղթանակը նա որակել է որպես «սպասելի և տրամաբանական», իսկ իսկ իշխող թիմը, Իվանիշվիլիի կարծիքով, լավագույնն է և այլընտրանք չունի։
«Վստահ եմ, որ կառավարման նոր թիմը լիարժեք և արժանի կփոխարի ինձ, իմ աշխատանքը, հեղինակությունն ու ունակությունները», – ասվում է Իվանիշվիլիի նամակում։
«Կարծում եմ, իմ առաքելությունն ավարտված է։ Որոշում եմ կայացրել վերջնականապես դուրս գալ քաղաքականությունից ու թողնել իշխանության սանձերը։ Հեռանում եմ կուսակցության ղեկավարի պաշտոնից և, առհասարակ, կուսակցությունից։ Վերադառնում մասնավոր կենսակերպին, որը վարում էի մինչև 2011 թվականը», – հայտարարել է Իվանիշվիլին։
Բիզնեսմենը նշել է, որ մի քանի շաբաթից 65 տարեկան է դառնում, և որ տարիքային գործոնը ևս հաշվի է առել որոշումը կայացնելիս։
«Ես քաղաքականությունից հեռանում եմ հպարտ ու հաղթական՝ երախտագիտությունս հայտնելով ժողովրդին», – գրում է նախկին վարչապետը։
Բիզնեսմեն Բիձինա Իվանիշվիլին քաղաքական գործունեություն սկսել է 2011 թվականին՝ հիմնելով ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը։ Մեկ տարի անց՝ 2012 թվականին, կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հաղթանակ է տարել, իսկ Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է վարչապետի պաշտոնում։ 2013 թվականին՝ նախագահական ընտրություններում Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո, Իվանիշվիլին հրաժարական է ներկայացրել և հրաժարվել կուսակցության ղեկավարությունից՝ պաշտոնապես հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին։
2018 թվականի մայիսի 11-ին Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ ընտրվեկ է որպես «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Հայտարարել է, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը բարդ էր և չէր մտնում իր ծրագրերի մեջ։ Նման քայլի հիմնական պատճառը, Իվանիշվիլիի պնդմամբ, «Վրաստանն էր, Վրաստանի ժողովուրդը, նրա բարօրությունն ու լուսավոր ապագան»։
2020 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ էր տարել՝ ստանալով 90 մանդատ։ Մյուս 60 տեղերը բաշխվել էին 8 ընդդիմադիր ուժերի միջև։ Վերջիններս, սակայն, պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են և հրաժարվում են մանդատներից։ Վրաստանի խորհրդարանում այժմ ընդհամենը չորս ընդդիմադիր պատգամավոր կա՝ «Պատրիոտների ալյանսի» ներկայացուցիչ 4 բիզնեսմեններ։