Այսօր՝ հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Փաշինյանը, ինչպես հայտնում է նրա խոսնակը, արդեն Մոսկվայում է։
Եռակողմ հանդիպմանը կհաջորդի նաև Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցը։ Խոսնակի հավաստիացմամբ՝ բանակցային օրակարգը տնտեսական բնույթի է և «վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»։ Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում Մոսկվայում չի նախատեսվում»։
Լրագրող, միջազգայնագետ Արկադի Դուբմովի կարծիքով՝ հանդիպումից ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող որևէ համաձայնագիր ակնկալելու հիմքեր իսկապես չկան։
«Ամենայն հավանականությամբ և լավագույն դեպքում կընդունվի եռակողմ հայտարարություն, որի նախագիծը, որքան ես գիտեմ, պատրաստվել և ուղարկվել է Բաքու և Երևան», – «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Դուբնովը։
Բանակցությունների նախաձեռնությունը Պուտինինն է, ով բավականին մեծ դժվարությամբ է հասել նրան, որ կողմերը համաձայնեն այս հանդիպմանը, նշել է փորձագետը՝ ընդգծելով՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հարցում՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրի շրջանակներում ցանկանում է որոշակի դրական տեղաշարժ գրանցել մինչև Ամերիկայի նոր նախագահի երդմնակալությունը (Ջո Բայդենը նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին)։
«Հենց սկզբից Մոսկվան ինքնուրույն է վարում գործընթացը Հարավային Կովկասում, և ընդհանուր առմամբ նրան առանձնապես պետք չեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը, ամեն դեպքում՝ նա այս կամ այն կերպ փորձում է մերժել նման միջամտության փորձերը։ Ուշագրավ է, որ ընդհանուր առմամբ Մոսկվան դժկամությամբ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Այդ տեսանկյունից, իհարկե, Ֆրանսիան որոշակի դժգոհություն է հայտնում։ Ըստ իմ տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հունվարի 11-ին կայանալիք հանդիպման մասին իմացել է շատ պատահական՝ դեկտեմբերի վերջին, և նա Մոսկվային հարցադրում էր անում այս հանդիպման բովանդակության մասին ու ընդհանուր առմամբ կարծես ինչ-որ դժգոհություն էր հայտնում այն փաստից, որ Փարիզը ներգրավված չէր նախապատրաստական աշխատանքներում», – նշել է փորձագետը։
Հունվարի 10-ին, ի դեպ, պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել հունվարի 11-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր։ «Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել ԼՂ կարգավորման գործընթացին նպաստելու ՌԴ ջանքերին», – ասված է հաղորդագրության մեջ։
Վերադառնալով այսօրվա բանակցությունների հավանական արդյունքներին, Դուբնովը կրկին շեշտել է՝ լավագույն դեպքում կընդունվի հայտարարություն։ Պարզ չէ՝ որքանո՞վ այն բովանդակային կլինի, բայց ակնհայտ է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք այսօր շարունակում են չլուծված մնալ բավականին հրատապ կնքված հրադադարի արդյունքում։
«Պարզ է, որ Երևանն առաջին հերթին շեշտում է գերիների փոխանակման անհրաժեշտությունը․ սա հումանիտար խնդիր է, որը հուզում է հայկական կողմին։ Բայց ռուսական կողմն անհանգստացած է անհամեմատ ավելի մեծ թվով խնդիրներից, որոնք ինչ-որ կերպ խոչընդոտում են Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունակությունը։
Ռուս խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում դեռ ամբողջությամբ հստակեցված չէ։
Օրինակ՝ կարգավիճակի վերաբերյալ այդպիսի փաստաթուղթ արդեն ձեռք է բերվել Մոսկվայի և Երևանի միջև, մինչդեռ Մոսկվայի և Բաքվի միջև չկա այդպիսի պայմանավորվածություն, չկա հուշագիր, որը կցանկանար տեսնել Մոսկվան, և Բաքուն առհասարակ մինչ այս պահը խուսափում է այն ստորագրելուց»։
Փորձագետի պնդմամբ՝ Բաքուն ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Լեռնային Ղարաբաղի բոլոր մուտքերի նկատմամբ (այդ թվում՝ Հայաստանից)։ Բաքուն ցանկանում է Ղարաբաղում գտնվող հայ զինվորների ամբողջական զինաթափում։ Բաքուն նաև ցանկանում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի այդ հատվածի կառավարմանը, որն այսօր գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։
«Չեմ կարծում, թե Մոսկվան լիովին պատրաստ է ընդունել նման հավակնությունները, որովհետև եթե դրանք ամբողջությամբ ընդունվեն, ապա, ըստ էության, ի՞նչ է անելու այնտեղ ռուսական խաղաղապահ կորպուսը, ի՞նչ գործառույթներ են մնալու դրան՝ բացառությամբ զուտ մարդասիրական գործառույթների, այսպես ասած՝ շինարարություն, սնունդ, ջուր և այլն», – նշել է Դուբնովը։
Ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բավականին շատ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, պետք է քննարկվեն այսօր տեղի ունենալիք հանդիպման ընթացքում։
Կան նաև հարցեր՝ կապված Թուրքիայի ներկայության, Թուրքիայի հետպատերազմական հավակնությունների հետ․ «Խոսքը վերջին ժամանակներում առավել հաճախ հնչող հարցերի մասին է՝ կապված Ադրբեջանի տարածքում տեղակայվող թուրքական ռազմաբազաների հնարավորության հետ։ Վկայություններ կան, որ, ընդհանուր առմամբ, թուրքական ռազմական տրանսպորտը հիմա էլ ակտիվորեն թռչում է Ադրբեջանի օդային տարածքում, և դա, իհարկե, բարդացնում է հարաբերությունները՝ մի կողմից Մոսկվայի, մյուս կողմից՝ թյուրքական ալյանսի հետ»։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, որոնք հաստատվում են նաև flightradar-ի տվյալներով, չորեքշաբթի օրվանից առ այսօր Ադրբեջանում վայրէջք է կատարել արդեն 45-րդ թուրքական ռազմական օդանավը։ Ինչ է այն փոխադրում և ինչ նպատակով՝ ստույգ հայտնի չէ։
Փորձագետը հիշեցնում է նաև ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին, որի տեղակայվել է Աղդամում՝ Ստեփանակերտից ընդհամները 20 կմ հեռավորության վրա։ Կենտրոնի գործունեության հարցը, հավանաբար, նույնպես օրակարգային խնդիրների շարքում է, որ կքննարկվի այսօրվա հանդիպմանը։
Ռուսաստանը որոշակի ազդեցության գործիքներ ունի (օրինակ՝ ադրբեջանցի զինվորականների կողմից խոցված ռուսական Մի-24 օդանավի խնդիրը), որոնք, ըստ Դուբնովի, հնարավոր է՝ նպաստեն Մոսկվայի համար ընդունելի պայմանների հասնելուն։
Գլխավոր հարցերից է, իհարկե, տրասպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։ Տնտեսական փոխակերպման այս ծրագրից, որը Ադրբեջանն առաջարկում է, Մոսկվան դժվար թե կարողանա հրաժարվել, պնդում է Դուբնովը։
«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Մոսկվային առաջարկել վերահսկողություն միջացնքի մի քանի կիլոմետրանոց հայկական հատվածի նկատմամբ, որը Նախիջևանը կապում է մատերիկային Ադրբեջանի հետ և որը կարող է մասը լինել նոր խողովակաշարային զարկերակների, որոնք Մոսկվային թույլ կտան by-pass անել, այսինքն, դիվերսիֆիկացնել արտահանման, նաև՝ դեպի Արևմուտք և Եվրոպա իր ածխաջրածնային ռեսուրսների արտահանման ուղղությունները՝ շրջանցելով Վրաստանի տարածքը։ Հայտնի է, որ Վրաստանը մինչ այժմ խոչընդոտում էր Ռուսաստանի՝ այդ հաղորդակցություններում մասնակցություն ունենալու ծրագրերին։ Հանգամանքների բարեհաջող դասավորման դեպքում, Հայաստանը կարող է որոշակի շահ ունենալ նմանատիպ ծրագրերից»։