Վրացական իշխանությունների գլխավոր հակառակորդ Վանո Մերաբիշվիլին կարող է այդ իշխանության լուրջ մրցակիցը դառնալ շնորհիվ ազատազրկման, որը նոր ավարտվեց։
Ո՞վ է Վանո Մերաբիշվիլին
Այսօր ազատ է արձակվել Վանո Մերաբիշվիլին՝ Սահակաշվիլիի կառավարության գլխավոր մարդկանցից մեկը, նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, վրացական ոստիկանության ռեֆորմների հեղինակ և իրագործող։ Մերաբիշվիլին բանտում անց է կացրել շուրջ 7 տարի։ Ազատ արձակվելուց հետո անմիջապես հայտարարել է քաղաքական պայքարին միանալու որոշման մասին։
«Ես գոհ եմ, որ ոչ մի կոմպրոմիսի չգնացի ու ինչքան պետք էր նստեցի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքվածներին ու հեռվից իմ համար անհանգստացողներին։ Ձեր աջակցության ու ապագայի նկատմամբ հույսի շնոհիվ ինձ հաջողվեց ուժ, էներգիա ու հավատ պահպանել պայքարը շարունակելու և հենց այս տարի այս իշխանություններից ազատվելու համար։ Երաշխավորում եմ․ այս իշխանությանը մեկ տարի է մնացել», – հայտարարեց Մերաբիշվիլին բանտի մոտ հավաքված մարդկանց։
Ինչպես է բանտում հայտնվել
Մերաբիշվիլին ազատազրկվել է 2013 թվականին, այսինքն, Վրաստանում իշխանությունը «Ազգային շարժումից» «Վրացական երազանքին» անցնելուց անմիջապես հետո։ «Վրացական երազանք» կուսակցությունը 2012-ի ընտրություններից կարճ ժամանակ առաջ հիմնել էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց ու իշխանության գալուց հետո Իվանիշվիլին փաստացի Մերաբիշվիլիին իր գլխավոր թշնամին ու «արյունոտ ռեժիմի» («Վրացական երազանքը» մինչև օրս այդպես է անվանում Սահակաշվիլիի կառավարությանը) մարմնավորումը հայտարարեց։ Ներկայիս իշխանությունները նախորդներին շարունակում են մեղադրել սարսափելի հանցագործություններում և հենց դրա վրա էլ կառուցում են իրենց փիառ քարոզարշավը։
Մերաբիշվիլիին մեղադրեցին գումարների վատնման, խորհրդարանի պատգամավորի վրա ֆիզիկական հարձակման, հանրահավաքների ցրման ժամանակ ծառայողական լիազորությունների գերազանցման և սպանության հանգեցրած իշխանության չարաշահման մեջ։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 6 տարի 9 ամիս ազատազրկման։
Միանձնյա խցում անցկացրած տարիների ընթացքում Մերաբիշվիլին ոչ մի անգամ ներում չի հայցել, ինչի շնորհիվ արժանացել է քաղաքացիների համակրանքին, նույնիսկ նրանց, ովքեր չէին կիսում նրա քաղաքական հայացքներն ու անգամ քաղբանտարկյալ չէին համարում։
Մերաբիշվիլին առայժմ չի մանրամասնել իր քաղաքական ծրագրերից և նույնիսկ չի ասել, թե որ քաղաքական կուսակցությանն է պատրաստվում միանալ։
Ինչպիսին են նրա քաղաքական հեռանկարները
Չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության աստիճանաբար նվազող ռեյտինգի, չի կարելի ասել, թե նրանց քաղաքական հակառակորդ «Ազգային շարժման» կամ վերջինից առանձնացած «Եվրոպական վրաստան» կուսակցությունների վարկանիշը բարձրանում է։ Նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին բարդ է հայտնի վրացական քաղաքական գործիչ համարել։ Նրա պարբերաբար արտասահմանից (Վրաստանում Սահակաշվիլիին ձերբակալում են բառացիորեն ինքնաթիռի աստիճաններից) արվող հայտարարությունները, որպես կանոն, ավելի շուտ զայրացնում են պոտենցյալ ընտրողներին, իսկ քաղաքական նախընտրությունների մեջ անվստահներին ստիպում են «երազողների» կողմն անցնել։ Մերաբիշվիլին, ում լավ հիշում ու մինչև օրս համարում են Սահակաշվիլիի կառավարության գլխավոր դեմքերից, շատ ավելի հեռանկարային քաղաքական գործիչ է։ Իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չընդունելով, բայց սահմանված ամբողջ ժամկետն անազատության մեջ անցկացնելուց հետո նա ակնհայտորեն ավելի շահեկան դիրքում է։