Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերա Իվանիշվիլիի պահանջով վրացական բարձրաստիճան պաշտոնյաներն ու ոստիկանները պարբերաբար հետապնդում են սոցիալական ցանցերի օգտատերերին, ովքեր բացասական մեկնաբանություններ են թողնում Բերայի հրապարակումների տակ։ Այս մասին մարտի 7-ին հայտնել է ընդդիմադիր «Փիրվելի» հեռուստաալիքը, նշելով, որ իրենք ունեն Բերա Իվանիշվիլիի և Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի բնօրինակությունը, սակայն, հաստատված չէ։
Ձայնագրության մասնակիցները խոսում են 15-ամյա տղայի մասին, ով բացասական մեկնաբանություն էր արել Բերայի ֆեյսբուքի հրապարակումներից մեկի տակ։ Մանրամասն քննարկում են, թե ինչպես են դեռահասին նվաստացրել ու վիրավորել հարևանների ներկայությամբ։ Պատմում են, որ տղան այնքան է վախեցել, որ մի քանի օր դպրոց չի գնացել։ Ենթադրաբար Բերա Իվանիշվիլիի և Գարիբաշվիլիի միջև խոսակցությունը շատ կոպիտ և ոչ ցենզուրային բառապաշարով է, զրուցակիցները եռանդով կատակում են միմյանց հետ։
Զրուցակիցների խոսքերից կարելի է հասկանալ, որ «պատժիչ գործողությունը» համակարգել է անձամբ գեներալ-մայոր Անզոր Չուբինիձեն։ Եվս մեկ այլ ձայնագրության (բնօրինակությունն էլի ապացուցված չէ) համաձայն, սովորաբար հենց Չուբինիձեին է Բերան «հանձնարարում» ներողություններ կորզել իր հրապարակումներին բացասաբար վերաբերվող սոցցանցերի օգտատերերից։
«Փիրվելի» հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ նման «պատժիչ» գործողությունների համար հիմնականում ամբողջական ոստիկանական ստորաբաժանումներ են ուղարկում։
Որոշ փաստերի համադրումից նյութի հեղինակները եզրակացնում են, որ նշված ձայնագրությունները կարող են արված լինել 2015-2016 թվականներին։ «Փիրվելիի» պրոդյուսերները հայտարարել են, որ սրանք իշխող կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ հեռախոսազրույցների միակ ձայնագրությունները չեն, որ հայտնվել են իրենց մոտ։ Նշում են, որ իրենք դրանց բնօրինակությունը հաստատել չեն կարող, բայց շարունակելու են հրապարակել։
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտնել է, որ իր համար խիստ մտահոգիչ է երկրում արդեն սովորական դարձած պրակտիկան, երբ քաղաքական ուժերը փորձում են վատաբանել իրենց քաղաքական հակառակորդներին՝ գաղտնի անձնական խոսակցության հրապարակմամբ։
Բերա Իվանիշվիլին և Իրակլի Գարիբաշվիլին վաղուց են ընկերություն անում։ Գործող վարչապետը 2015-ին դարձել է Բերայի կրտսեր որդու՝ Գաբրիելի կնքահայրը։ Նույն թվականի դեկտեմբերին վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Գարիբաշվիլին դադարեցրել է սոցցանցերում Բերայի ընտանիքի հետ համատեղ լուսանկարներ հրապարակելը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Բերան երգում ու երգեր է գրում։ Ավելի քան 10 տարի առաջ նա բացել էր իր՝ «Georgian Dream» կոչվող ձայնագրման ստուդիոն։ 2012-ին՝ հոր հիմնած կուսակցության քարոզարշավի ժամանակ 17-ամյա Բերան քաղաքական հանրահավաքների ժամանակ կատարում էր իր «Georgian Dream» երգը։ Կարծիք կա, որ կուսակցության անվանումը հենց Բերան է առաջարկել։
Իվանիշվիլիի որդին հիմա 26 տարեկան է։ Սոցիալական ցանցերում հաճախ է կիսվում իր և իր ընտանիքի՝ շքեղ ինտերիերներով տարածքներում արված լուսանկարներով։ Վերջերս կնոջ հետ ակտիվ են նաև TikTok-ում։
Ինստագրամում Բերան ավելի քան 1.5 միլիոն հետևորդ ունի։ Հրապարակումների տակ, սակայն, բացասական մեկնաբանություն չես գտնի։