Վրաստանի խորհրդարանի այսօրվա պլենար նիստն անցնում է աղմկոտ փողոցային ցույցերի ֆոնին։ Առավոտից պառլամենտի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ակտիվիստներն ու ընդդիմության կողմնակիցները։ Պահանջում են կազմակերպել արտահերթ ընտրություններ, ազատ արձակել քաղբանտարկյալներին։
«Նովոստի-Գրուզիայի» փոխանցմամբ, ցուցարարները խմբավորվել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերի մոտ՝ Ռուսթավելի, Չիչինաձե, Ապրիլի 9-ի և Զուբալաշվիլիի փողոցներից։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների համար հնարավորինս մեծ անհարմարություն ստեղծելն է։ Ավելի վաղ ցուցարարները զգուշացրել էին, որ թույլ չեն տալու պատգամավորների մեքենաների մուտքը խորհրդարանի բակ։ Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ, ոչ մի մեքենա բակ չի մտել։
«Մեր ցույցը խաղաղ է։ Շենքը չենք շրջափակել։ Պարզապես այնպիսի իրավիճակ ենք ստեղծել, որ այսօրվա նիստին մասնակցել ցանկացող «Վրացական երազանք» կուսակցության յուրաքանչյուր պատգամավոր ստիպված է անցել մեր ժողովրդի կողքով», – ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին։
Տեղում ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում։ Խորհրդարանի մուքերի մոտ բարձր մետաղական պատնեշներ են տեղադրված։
Ոստիկանության հետ բախումներ լինում էին միայն այն ժամանակ, երբ իրավապահները ցուցարարներին փորձում էին հրել երթևեկելի մասերից դեպի մայթեր։
Վրաստանի ներքն գործերի նախարարության պաշտոնական տվյալներով 7 ցուցարար ձերբակալվել է օրենսգրքի 173-րդ՝ ոստիկանի օրինական պահանջին չհետևելու հոդվածով։
Փետրվարի 23-ին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի գրոհից և կուսակցության առաջնորդի ձերբակալությունից հետո, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին տևական զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Ցուցարարները պնդում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ակցիաները, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։
Իշխող թիմի ներկայացուցիչների հետ բանակցությունները վերսկսելու դեպքում անգամ ընդդիմադիրները փողոցային ակցիաներւ դադարեցնելու մտադրություն չունեն։ Վստահ են, որ հանրահավաքներն ու երթերը միայն կարող են ավելի արդյունավետ դարձնել երկխոսությունը։
Երեկ՝ մարտի 1-ին, Վրաստանի նախագահի աշխատակազմում տեղի էր ունեցել ընդդիմության առաջնորդների և նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հանդիպումը։ Ուղիղ երկխոսությունը նախաձեռնել էր Եվրոպական խորգրդի նախագահ Շառլ Միշելը՝ Թբիլիսի կատարած իր պաշտոնական այց շրջանակներում։