Home / Հայաստան / Հայրենիքի գլխավոր փրկիչի մեղադրանքը լրացվել է ևս մեկ դրվագով

Հայրենիքի գլխավոր փրկիչի մեղադրանքը լրացվել է ևս մեկ դրվագով

Քննչական կոմիտեն ավարտել է 16+ կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի քրեական գործի նախաքննությունը, մեղադրանքը լրացվել է ևս մեկ դրվագով: Այս մասին հայտարարել Քննչական կոմիտեն:

Մանուկյանը փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Իրավապահները սա որակել են որպես «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ»՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված: Նման կոչ, ըստ նրանց, հնչել է նաև փետրվարի 12-ի ելույթում։

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրանքն այսօր լրացվել է նաև փետրվարի 26-ի հանրահավաքին հնչեցված կոչով․ Մանուկյանն՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկին, ասել էր, որ եթե բանակը ոտքի չկանգնի, իրենք պետք է կանգնեցնեն․ «Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են։ Ո՛չ, բանակը կընդվզի: Ես կոչ եմ անում, որ ընդվզի: Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թփրտալ»:

Քրեական գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման համար։ Ավելի վաղ Մանուկյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց։