Այժմ ընթանում է ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և 13 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Պատվիրակությունը գլխավորում է նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Շարժման համակարգող, դաշմակցական Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտնել էր, որ իրենց պատվիրակությունը պահանջելու են նախագահից հստակ պատասխան տալ՝ ստորագրելու է արդյո՞ք զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը, թե ոչ։
Երեկոյան Ազգային ժողովի դիմաց նախատեսված է շարժման հանրահավաքը, որի ընթացքում դրա առաջնորդները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու հետագա քայլերը:
«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները, որոնք մինչ այս քայլերթ էին անում Բաղրամյան և հարակից փողոցներով, այժմ Ազգային ժողովի մոտ են։ Երեկ նրանք վրաններ էին տեղադրել Բաղրամյան փողոցում։ Ցուցարարների մի մասը նաև գիշերել է այնտեղ։
Հիշեցնենք, որ նախօրեին ԶՈՒ Գլխավոր շտաբը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը հաջորդեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնանկությանը։ Նիկոլ Փաշինյանն այն որակեց որպես ռազմական հեղաշրջման և բանակը ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ և հայտարարեց, որ հայտարարության հրապարակումից առաջ որոշում է կայացրել պաշտոնանկ անել նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Որոշումն ուղարվել է նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությանը։
Սարգսյանը մինչ այժմ այն չի ստորագրել։ Նախագահի գրասենյակը երեկ երեկոյան հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը ստեղծված իրավիճակում սովորական կադրային փոփոխություն չէ և որ ինքը երեք օր ժամանակ ունի՝ որոշելու համար՝ ստորագրելու է վարչապետի ներկայացրած փաստաթուղթը, թե ոչ։
Սարգսյանն այսօր ավելի վաղ հանդիպել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մաքունցի, «Լուսավոր Հայաստանը» ղեկավարող Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանի հետ։ Հաղորդվել է, որ նախագահը նախատեսում է հանդիպել նաև Օնիկ Գասպարյանի հետ:
Մամուլում այս ընթացքում լուրեր էին տարածվում, թե նախագահ Արմեն Սարգսյանը ետ է վերադարձել Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը։ Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքել է այդ տեղեկությունները։ Նա նշել է, որ նախագահը մինչև կիրակի ժամանակ ունի և կարտահայտի իր դիրքորոշումը: