Փետրվարի 25-ը Հայաստանում սկսվեց «ռազմական հեղաշրջման փորձով»։
Կեսօրին հրապարակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը, որով հայկական բանակի գեներալիտետը պահանջում է Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած կառավարության հրաժարականը։ Զինվորականների հայտարարությունը նախորդել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությանը և, ըստ Փաշինյանի, ԳՇ պետի պաշտոնանկության հրամանին։
Վարչապետը հայտարարության հրապարակումից ամնիջապես հետո հանդես եկավ գրառմամբ, այնուհետև՝ նաև ուղիղ եթերով։ Զինված ուժերի հակասահմանադրական հայտարարությունը որակվեց որպես հեղաշրջման փորձ։ Գործադիր իշխանության ղեկավարն իր համակիրներին կոչ արեց անհապաղ հավաքվել Հանրապետության հրապարակում։
Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և 13 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունը, որով այն, նախ, ողջունում էր զինվորականների քայլը, ապա՝ իր կողմնակիցներին հրավիրում Ազատության հրապարակ։
Շատերը պնդում էին, որ հակադիր որակված ցույցերի զուգահեռ անցկացումը կարող է հանգեցնել բախումների։
Մեկը մյուսի հետևից օրվա ընթացքում հայտարարությամբ էին հանդես գալիս ոչ միայն քիչ թե շատ անվանի քաղաքական կուսակցությունները, այլև հանրային ինստիտուտները։
Հայտարարություն տարածեցին նաև ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և ՔԿ-ն։ Վերջիններս նախազգուշացրեցին, որ ցանկացած անօրինականություն արժանանալու է համարժեք արձագանքի։
Արտահայտվեց նաև պաշտպանության նախարարությունը․ «Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը»։
Ժամը 16։00-ին պետք է մեկնարկեր Փաշինյանի ելույթը։ Մինչ այդ վարչապետը՝ իր թիմակիցների հետ միասին, քայլերթ էր անում հրապարակին հարակից փողոցներով։
Քայլերթը մեկնարկեց ժամը 2-ի սահմաններում։
«Հայրենիքի փրկության շարժման» կողմակիցմերի փոքրիկ հակաակցիան
Մայթեզրերին կանգնած «ընդդիմադիրները» գոռում էին «Նիկոլ՝ դավաճան», ցուցարարներն ի պատասխան վանկարկում էին «Նիկոլ՝ վարչապետ»։
«Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք։ ԶՈՒ-ն ենթարկվում են ՀՀ ժողովրդին և վարչապետին, այլ տարբերակ չի կարող լինել։ Կարծում եմ՝ հեղաշրջման վտանգը կառավարելի է։ Դա հուզական արձագանք է, և մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք», – հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը կոչ էր անում իր համակիրներին հավաքվել հրապարակում, բայցև ցուցաբերել զսպվածություն։ Ցույցի սկբում հրապարակ եկած ընդդիմադիր խմբակներին նա առաջարկում էր ողջունել ծափերով։
16։00-ի սահմաններում Փաշինյանը իջավ հրապարակում հավաքված մարդկանց մոտ։
Ելույթը սկսվեց մեկ րոպե լռությամբ։
«Նախ՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ իմ հրամանը զինված ուժերի բոլոր զիվորներին, սպաներին, գեներալներին․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքայաին ամբողջականության պահպանմամբ։ Սա իմ հրամա՛նն է։ Որևէ մեկը չի՛ կարող դրժել էդ հրամանաը», — հայտարարեց վարչապետը։
Ի՞նչ է տեղի ունեցել այսօր, հարցրեց Փաշինյանը։ Եվ պատասխանեց՝ մեր բանակին և զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասամանադրական պրոցեսի մեջ․ «Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թո՛ւյլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում»։
Բանակը, ըստ Փաշինյանի, չի կարող ետ նայել, թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժոովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ «Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության»։
Այսօր տեղի ունեցածը շարունակությունն է պատերազմից ի վեր ընթացքող մի գործընթացի, որը, ըստ Փաշինյանը, ուղղակիորեն կապված է քաղաքական այն շրջանակների հետ, որոնք կորցրել և փորձում են վերականգնել իրենց իշխանությունը։
«Նրանք հրապարակներում մեզ փորձում են, ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ ․․․17 կուսակցություն ֆորմատի այսպես կոչված վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությո՛ւնը վերցրեք, իշխանությո՛ւնը։ Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ։ Սա է տեղի ունեցել», – հայտարարեց վարչապետը՝ հավելելով՝ հրապարակներում իրեն դավաճանության մեջ են այսօր մեղադրում «բանակի և զինվորի հաշվին հարստացածները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, զինվորի հացը գողացողները»։
Ի՞նչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը՝ պաշտոնյան կրկին վերահաստատեց՝ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։
Փաշինյանը «խոստովանեց»՝ պատերազմից հետո շատ է մտածել հրաժարական ներկայացնելու մասին, բայց հետ է կանգնել այդ որոշումից, քանի որ «ինքնակամ չի դարձել վարչապետ, դա որոշվել է ժողովրդի կողմից, ուստի՝ ժողովուրդը պետք է որոշի նաև իր հեռանալու հարցը»։
Բայց սկզբի համար, ըստ վարչապետի, պետք է հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա», – հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ կա՛մ նախագահը պետք է ստորագրի ԳՇ պետի պաշտոնանկության մասին հրամանագիրը («իսկ եթե նա չի ստորագրում, ի՞նչ է դա նշանակում․ նա միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը»), կա՛մ ինքը՝ Գասպարյանը, պետք է հայտարարում իր հրաժարականի մասին։ «Որովհետև նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես դա թույլ չեմ տա», – հայտարարել է Փաշինյանը։
Եվ միայն դրանից հետո պետք է մեկնարկենք քաղաքական խորհրդակցությունները՝ նվիրված արտահերթ ընտրություններին։
Արտահերթի հիշատակմանը ի պատասխան հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Ոչ»։ Փաշինյանը հարցրեց՝ «Այսինքն դուք դե՞մ եք ընտրություններին»։ Ցուցարարները պատասխանեցին՝ «Այո»։ «Բա այս հարցը ո՞նց լուծենք։ Ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Ուրիշ ճանապարհ չկա», – արձագանքեց պաշտոնյան։
Հանրահավաքը ավարտեց զգացմունքային։ Փաշինյանը հայտարարեց՝ թավիշին այսուհետ վերջ է դրվելու։ Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ Այո՛։
«Ես գիտեի, որ դուք ամենաշատը դա եք ուզում լսել։ ․․․Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել», – հարցրեց Փաշինյանը։
Եվ պատասխանեց․ «Դա նշանակում է օրինականության միարժեք հաստատում»։
«Այսօր ինչո՞ւ է ժողովուրդը հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի՝ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, զինված ուժերին և ժողովրդին թալանածներն են։ Եվ իրենք էլ գիտեն, ու է ժողովրդի հիմնական պահանջը, և ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, մենք էլ ենք գող․․․ Մենք մեր ձեռքերը կկտրենք՝ ժողովդրի կոպեկը, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա։ Որովհետև մենք դրանով խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա ընդհանրապես։ Ուրեմն՝ վե՛րջ թավիշին, վե՛րջ թավիշին», – եզրափակեց պաշտոնյան։
Հանրահավաքը ավարտվեց։ Կառավարության անդամները գլխավորած երթը Տիգրան Մեծով շարժվեց դեպի Էրեբունի։
Զուգահեռ քայլերթ էր անում նաև ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը»։ Բաղրամյանով նրանք գնում էին դեպի ԱԺ։ «Փրկիչների» շարժման համակարգողը՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հայտարարեց, որ իրենց մտադիր են բարիկադներ կառուցել Դեմիրճյան փողոցում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ընդդիմադիրները» գիշերելու են Բաղրամյանում։ Նրանք հայտարարեցին, որ տապվիրակություն են ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանի մոտ՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։
Նախագահը, իր հերթին, նախազգուշացնող պարզաբանմամբ հանդես եկավ։ Նշվեց, որ ոչ ոք չի կարող իր վրա քաղաքական ճնշում բանեցնել, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը ստեղծված իրավիճակում սովորական կադրային փոփոխություն չէ և որ ինքը երեք օր ժամանակ ունի՝ որոշելու համար՝ ստորագրելու է վարչապետի ներկայացրած փաստաթուղթը, թե ոչ։
Իրավիճակին անդրադարձան պաշտոնական Մոսկվան, Անկարան և նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Հաղորդվեց, որ վարչապետ Փաշինյանը և նախագահ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։
Քաղաքացիական ակտիվիստ, ինժեներ Վարդգես Գասպարին հայտնեց, որ հարձակման է ենթարկվել «փրկիչների» ու ոստիկանների կողմից, և «հարգելի ինտելեկտուալներին» առաջարկեց «մնալ ֆեյսբուքի խորքերում»։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի