Home / Հայաստան / ԱԱԾ․ Ցանկացած անօրինականություն կարժանանա համարժեք արձագանքի

ԱԱԾ․ Ցանկացած անօրինականություն կարժանանա համարժեք արձագանքի

Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները», – ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի անվտանգությանը, և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

«Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար», – նշում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

լրացում 14:44 – Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ոստիկանությունը․

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»,- նշված է հայտարարության մեջ։